Ատամբաևի ձերբակալության առիթով ոմանց ոգևորությունն առնվազն անհասկանալի է․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 10, 24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

««Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վահե Դավթյանը մանրամասն վերլուծում է Ղրղզստանի իրադարձությունները:

«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ԻՆՉՊԵՍ ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ»
Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաևի ձերբակալության առիթով ոմանց ոգևորությունն առնվազն անհասկանալի է: Իսկ եթե անկեղծ լինենք՝ վտանգավոր: Առավել վտանգավոր են հնչեցվող այն կոչերը, որ Հայաստանում նույն կոշտ մեթոդաբանության կիրառման անհարժեշտություն կա: Իսկ “ուզում ենք, ինչպես Ղրղզստանում” մտածողությունը իրականում վկայում է խնդրի չափազանց մակերեսային ընկալման մասին:

Զուտ քաղաքական իմաստով Ղրզստանում տեղի ունեցող գործընթացները չեն կարող նախադեպային լինել, քանի որ դրանք հետևանք են շատ յուրահատուկ քաղաքական մշակույթի ու դարերով ձևավորված հասարակական հարաբերությունների: Խնդիրը պայմանականորեն բաժանենք երեք շերտի:

1. ԿԼԱՆԱՅԻՆ: Ղրղզստանն ավանդաբար բաժանված է երկու կլաների միջև, որոնք ձևավորվել են աշխարհագրական սկզբունքով: Դրանք հյուսիսային և հարավային կլաններն են, որոնք մշտապես մրցակցության մեջ են գտնվում երկրի ռեսուրսներն ու ինստիտուտները վերահսկելու համար: Ատամբաևի ձերբակալությունը ևս այդ միջկլանային պայքարի հետևանք է. նա, ի տարբերություն գործող նախագահի, հյուսիսային կլանի ներկայացուցիչ է: Թողնելով իշխանությունը՝ նա, այնուամենայնիվ, շարունակում էր իր կլանում կայուն դիրք զբաղեցնել՝ որոշակի վտանգ ներկայացնելով Հարավի համար: Այդ վտանգը հատկապես ընդգծվեց այն բանից հետո, երբ գործող նախագահ Ժեենբեկովը, որը քաղաքական բալանսի ապահովման համար իշխանության էր բերվել Ատամբաևի կողմից, սկսեց ինքնուրույնություն դրսևորել՝ սպասարկելով Հարավի շահերը: Ղրղզների “երկինքնությունը” թույլ չտվեց հաղթահարել հասունացող ճգնաժամը: Արդյունքում, մեծ է քաղաքացիական պատերազմի հավանականությունը:

2. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ: Չնայած նշված կլանային համակարգի, ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ղրղզստանում ձևավորվել էր ոչ ժողովրդավարական, սակայն յուրահատուկ մրցակցային քաղաքական մշակույթ: Դա, թերևս, իր հիմնական արտահայտումն է գտել հեղափոխական ճանապարհով իշխանափոխության հասնելու արմատացած պրակտիկայի մեջ (2005 և 2010 թթ.): Սակայն ղրղզական երկու հեղափոխությունների և ոչ մեկի արդյունքում “մերժվող” նախագահները երբեք չեն ենթարկվել քրեական հետապնդումների: Եվ այս առումով Ատամբաևի ձերբակալությունը քաղաքական ավանդույթ է խախտում, ինչի արդյունքում գործող նախագահը, հաշվի առնելով Ղրղզստանում հաճախ տեղի ունեցող Հյուսիս-Հարավ կլանային ռոտացիան, կփորձի հնարավորինս երկար մնալ երկրի ղեկին՝ գիտակցելով, որ նույն կոշտ մեթոդները կարող են մի օր կիրառվել նաև նրա նկատմամբ: Իսկ սեփական անվտանգության նկատառումներով իշխանությունն ամեն գնով պահելու ձգտումը տանում է ավտորիտարիզմի: 

3. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ: Հյուսիսի և Հարավի միջև ընթացող միջկլանային պայքարն ունի նաև աշխարհաքաղաքական նրբերանգներ: Այսպես, եթե Հարավը առավել իսլամացված է ու արմատական, ապա մոդեռնիզացված Հյուսիսում դեռ 19-րդ դարից ի վեր տիրում են պրոռուսական տրամադրություններ: Պատահական չէ, որ հենց հյուսիսային կլանը ներկայացնող Ատամբաևի նախագահության օրոք ամերիկյան “Մանաս” ռազմական բազան դուրս բերվեց Ղրղզստանից: Պետք չէ բացառել, որ հասունացող քաղաքական ճգնաժամի շահառուներից կարող է լինել հենց Վաշինգտոնը, որն իր “Մեծ Կենտրոնական Ասիա” գեոռազմավարության շրջանակներում նպատակ է հետապնդում դուրս բերելու Ղրղզստանից հետզհետե ընդլայնվող ռուսական “Կանտ” ռազմաբազան: Միաժամանակ, տարածաշրջանում գնալով ուրվագծվում են Չինաստանի շահերը, որի համար Ղրղզստանի ցամաքային ուղիները կարևոր դեր կարող են խաղալ Belt and Road նախագծի շրջանակներում: Ուստի, ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան աշխարհաքաղաքական եռանկյունու ձևավորման պայմաններում Ղրղզստանի համար առաջնային խնդիր պետք է լինի սեփական սուվերենության պահպանումը:

Այսպիսով, երեք շերտերում էլ ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնց գոնե մոտավոր մոդելավորումը Հայաստանի վրա առնվազն ցանկալի չէ: Ուստի, կարիք չկա զուգահեռներ փնտրելու, առավել ևս՝ դրանք անցկացնելու: Փոխարենն ավելի օգտակար կլիներ մտածել, թե ինչու ԵԱՏՄ անդամ երկու պետությունների՝ Հայաստանի և Ղրղզստանի միջև առևտրաշրջանառությունը չի գերազանցում 1 մլն դոլարը»։