Նախորդ տարվա համեմատ մոտ 70%-ով հայկական ԶԼՄ-ներում նվազել են հակառուսական հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 29, 24News

Thumbnail

Հայաստանյան ԶԼՄ-ներում նախորդ տարվա համեմատ պակասել են հակառուսական տրամադրությունները: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

«Ռուսական լրատվամիջոցներում էլ մեծացել է հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ»,- ասել է փորձագետը: 

Արման Ղուկասյանը ներկայացրել է «Ժողովրդի ձայն» կազմակերպության մոնիտորինգը, որն իրականացրել են այս տարվա «Թավշյա հեղափոխությունից» հետո։ Ուսումնասիրել են հայ-ռուսական հարաբերությունների մասին հայաստանյան և ռուսական լրատվամիջոցներում եղած հրապարակումները: 

Թե ինչու են այս երկու տարիների ընթացքում ընտրել նույն ժամանակամիջոցը, Արման Ղուկասյանը բացատրեց՝ նախորդ տարի հունիս-օգոստոս ամիսներին ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին քննարկումներն էին, իսկ այս տարի «Թավշյա հեղափոխությանը» հաջորդող գործընթացներն էին։

«Այս տարի նախորդ տարվա համեմատ գրեթե 70 տոկոսով հայկական ԶԼՄ-ներում նվազել է հակառուսական հրապարակումների թիվը: Անցած տարի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը լուսաբանվում էր, շատ հաճախ ապատեղեկատվություն կարող էր լինել, իսկ «Թավշյա հեղափոխությունից» հետո հայկական լրատվամիջոցներն ավելի օբյեկտիվ են լուսաբանել հայ-ռուսական հարաբերությունները։ 

«Հայ-ռուսական հարաբերությունները լուսաբանվում են ավելի հստակ, ավելի կոնկրետ։ Տեղեկատվությունը հասցվում է հանրությանն ավելի օբյեկտիվորեն, դա նաև շաղկապում ենք նրա հետ, որ Հայաստանը սկսել է բարձրացնել կոնկրետ հարցեր, որին պետք է ռուսական կողմն արձագանքի»,- ասել է փորձագետը և նկատել, որ նախկին իշխանությունների օրոք գործում էին լրատվամիջոցներ, որոնց նպատակը հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելն էր: 

Արման Ղուկասյանի խոսքով՝ եթե այս տարվա վիճակագրությունն ենք միայն դիտարկում, ապա նկատելի է, որ մամուլում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ լարվածություն կար հունիս-հուլիս ամիսներին՝ նաև պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալումով, իսկ արդեն Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո իրավիճակը հանդարտվեց։

«Իմ կարծիքով՝ այս իշխանությունները պարզապես բարձրացնում են կոնկրետ խնդիրներ։ Ասացին՝ խոսելու են գազի սակագնի վերաբերյալ: Նախկինում նման բան չի եղել»,- ասաց նա՝ ենթադրելով,  որ կոնկրետ խնդիրների մասին խոսելը կարող է կանխել բացասական տրամադրությունների առաջացումը,- լավ կլինի, որ այդ միտումը պահպանվի»։