Աի նախարարն արտակարգ նիստ է հրավիրել․ պատճառը՝ Սյունիքի մարզի անտառից մեկի հրդեհն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

ԱԻ նախարար

Օգոստոսի 11-ին՝ ժամը 21:00-ին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի առիթ է հանդիսացել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհը:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում: Այս պահին հրդեհն ընդգրկում է ընդհանուր երկու կիլոմետր ճակատային լայնություն և մեկուկես կիլոմետր երկարություն, առկա է նաև տարածման վտանգ:

Կրակի տարածման դեմ պայքարում են հրշեջ-փրկարարները, որոնց միացել են նաև Արևիկ ազգային պարկի աշխատակիցները:

Օպերատիվ շտաբի ղեկավարը աշխատանքային խմբի անդամների ուշադրությունը հրավիրել է երկու հանգամանքի վրա. նախապատրաստական աշխատանք, ուժերի համախմբում, ապա հրդեհաշիջման իրականացում: Պետք է գործի դրվի մարդկային ներուժը, դեպքի վայրում կենտրոնացվի անհրաժեշտ տեխնիկա և գործիքներ:

Օպերատիվ աշխատանքային խումբը՝ իրավիճակի վերլուծության և մասնագիտական քննարկման արդյունքում, պլանավորել է ըստ գերատեսչությունների կատարվելիք աշխատանքները: Քննարկման ընթացքում հատկապես ընդգծվել է ծանր տեխնիկայի աշխատանքի անհրաժեշտությունը, որի միջոցով պետք է սահմանազատել հրդեհի օջախները և կանխել դրանց տարածումը: Պետք է ունենալ ջրի բավարար պաշար՝ տեղանքի դժվարամատչելիության պատճառով, հրշեջ-փրկարարական մեքենաների օգտագործման անհնարինության դեպքում, ջրի սրսկիչներով հրդեհաշիջում իրականացնելու համար: Հրդեհի տարածման ուղղությունները և մասշտաբները հսկողության տակ պահելու համար կիրականացվի օդային հետախուզում:

Օպերատիվ աշխատանքային խմբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը խմբի անդամներին հանձնարարել է օպերատիվ կապ պահել տեղում աշխատանքները համակարգող, օպերատիվ շտաբի քարտուղար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի հետ: Հրդեհի տարածքում բջջային և ինտերնետային կապի հաճախակի խափանումներով պայմանավորված, մշտական կապ ունենալու համար, նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ ԱԻՆ կապի մեքենան ուղարկվել է հրդեհի գոտի:

ԱԻ նախարարի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության վիճակի: Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ քննարկման արդյունքները զեկուցելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: