«Սասնա Ծռեր»-ի ստվերային կառավարությունը. (մաս 4)

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

«Սասնա ծռեր» զինված խմբավորումը, որի հիմքի վրա հետագայում ձևավորվեց նույնանուն քաղաքական կուսակցությունը, հայտնի է իր ծայրահեղական հայացքներով ու քաղաքական խնդիրները զենքի միջոցով լուծելու՝ արդեն իսկ ունեցած փորձով, որի հետևանքով 2016 թ․-ի հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, իրենց ծառայողական պարտքը կատարելիս զոհվեցին երեք ոստիկաններ։

Ինչևէ, Հայաստանում 2018 թ․-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետևանքով ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից զինյալ խմբավորման անդամների, նրանց հետ ուղղակիորեն առնչություն ունեցողների մեծ մասն ազատ արձակվեց, որի հետևանքով նրանք անգամ կարողացան մասնակցել անցյալ տարեվերջին կայացած խորհրդարանական ընտրությւոններին, սակայն չկարողացան հաղթահարել ընտրական շեմը՝ հավաքելով գրեթե 20000 ձայն։ 

Եվ այսպես, ինչպիսի կառավարություն էր սպասվում մեր երկրին, եթե այս կուսակցությունը կարողանար վերցնել մեծամասնություն՝ ձևավորելով նախարարների կաբինետ։ 24News-ի վերլուծաբանների կարծիքով, եթե Ծռերը կարողանային վերցնել մեծամասնություն, ապա նրանց կառավարությունը ղեկավարելու միանգամից 2 թեկնածու կլիներ՝ վերջիններիս առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և ղեկավար խորհրդի անդամ Գարեգին Չուքասզյանը։

Փոխվարչապետի հնարավոր թեկնածու, ըստ ամենայնի, կլիներ Ծռերի փարիզյան բարեկամ, վերջիններիս ֆինասավորմամբ զբաղվող Ֆրանսիայի «Հայկական վերածնունդ» կազմակերպության համակարգող Շանթ Ոսկերչյանը։

Շատ ավելի հարուստ են վերջիններիս ուժային բլոկի ներկայացուցիչները, որոնք կարող էին հավակնել ղեկավարել այդ գերատեսչությունները։ Պաշտպանության նախարարի թեկնածու, ըստ ամենայնի, կարող էր լինել Ծռերի գաղափարաքարոզչական հարցերով զբաղվող, բանակի նախկին գնդապետ Վարուժան Ավետիսյանը, որը հայտնի է ՊՊԾ գնդի գրավմանն անմիջական մասնակցությամբ։ Այս պաշտոնի մեկ այլ հավանական թեկնածու էլ նույն գնդի գրավման ժամանակ զինյալներին ղեկավար Պավլիկ Մանուկյանը, սակայն վերջինիս նշանակումն այդքան էլ իրատեսական չէ՝ հաշվի առնելով դատարանում ոստիկանների սպանությունների մասին իր ելույթները։ 

Ոստիկանության պետի պաշտոնում, եթե մի օր այս կազմակերպությունը կարողանա իշխանության գալ, հնարավոր է տեսնել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, որը նույնպես բանտից ազատ արձակվեց երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետևանքով։ 

Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, ապա, ըստ մեր վերլուծաբանների, եթե Սեֆիլյանը չդառնա վարչապետ, ապա հենց ինքը կարող է հավակնել այդ պաշտոնին։ 

Արտաքին գործերի նախարարի հարցում Ծռերի ենթադրյալ կառավարությունը նույնպես բավական հետաքրքիր ընտրության առջև է կանգնած։ Ըստ ամենայնի, այս պաշտոնի համար «կմրցեն» Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը, որը հայտնի է իր «ծռիստական» հայացքներով և այդ կազմակերպության զինյալ գործողություններն ամեն կերպ արդարացնող քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը այս կուսակցությունը կարող է վստահել նաև մեկ այլ քաղաքագետի՝ Ստեփան Գրիգորյանին, որը, չնայած աշխատում է հասարակական սեկտորում և իր կազմակերպության միջոցով փորձում երկրում ազատական բարեփոխումներ իրականացնել, սակայն անցած տարվա դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին  հանգրվանել էր անթաքույց զինյալ պայքարի կողմնակից «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակում։ 

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի պաշտոնին այս կազմակերպությունում հավակնորդներ շատ չկան։ Ամենայն հավանականությամբ, նման պաշտոն կվստահվի այս կազմակերպության մամլո քարտուղար Սյուզան Սիմոնյանին, որը, ճիշտ է, համացանցում այդքան էլ աչքի չի ընկնում իր գրական հայերենով, երբ խոսքը վերաբերում է «Սասնա ծռերին» քննադատողներին պատասխանելուն, բայց այս կազմակերպության կադրային բազայում նման պաշտոնի հավակնորդ որպես մրցակից չունի։ 

Արդարադատության նախարար նշանակելուց «ծռիստական կառավարությունը», ամենայն հավանականությամբ, կդիմի իր վաղեմի համակիր, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի օգնությանը, մանավանդ որ վերջինս այսօր իբրև փաստաբան դատարանում զբաղվում է նրանց պաշտպանությամբ։ 

Ինչ վերաբերում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնին, ապա «Սասնա ծռերն» այն կարող են վստահել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանին, որը նույնպես վերջին ընտրություններին իրենց համամասնական ցուցակում էր։

Ահա մոտավորապես այսպիսի տեսք կունենա «Սասնա ծռեր» կուսակցության կառավարությունը, եթե մի օր ՀՀ քաղաքացին որոշի, որ հենց այս կազմակերպությանն է վստահում Հայաստանի ապագան։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news