Հանրայինը ՍԴ-ի շուրջ ստեղծված արհեստական իրավիճակը լուսաբանում է միակողմանի․ Մեդիա պաշտպան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

հանրային

Վերջին ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը Սահմանադրական դատարանի գործունեությունը ու դրա շուրջ ստեղծված արհեստական իրավիճակը լուսաբանում է միակողմանի, չհիմնավորված եւ ուղղորդված։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

«Հանրային հեռուստաընկերության եթերից հնչում են մեկնաբանություններ, տրվում իրավագիտության հետ աղերս չունեցող գնահատականներ, արվում են որեւէ քննադատության չդիմացող դատողություններ եւ եզրահանգումներ։

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը: Հանրային հեռուստաընկերության նման վարքագիծը ոչ այլ ինչ է, քան միտում ապալեգիտիմացնելու Սահմանադրության գերակայությունը ապահովելու առաքելությամբ օժտված մարմնի՝ Սահմանադրական դատարանի դերը։ Սահմանադրական դատարանի նկատմամբ նման վարքագիծը միաժամանակ ոտնձգություն է Սահմանադրության նկատմամբ, որը խաթարում է մեր պետության սահմանադրական կարգի հիմքերը եւ իրավական անվտանգությունը։

Հանրային հեռուստաընկերությանը հորդորում ենք ապահովել Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունը, այլ ոչ թե վերածվել քաղաքական քարոզչամեքենայի։ Միեւնույն ժամանակ, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունն ենք հրավիրում Սահմանադրության 196-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման համար Հանրային հեռուստատեսության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու պարտականության վրա»,–նշված է հայտարարության տեքստում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news