Բարդուղիմեոսյան գիշեր ԱԺ-ում. մեկ օրում աշխատանքից հեռացրել են տասնյակ աշխատակիցների 

Խորհրդարանի շենք
Օգոստոսի 12-ին ԱԺ աշխատակազմում իսկական կադրային կոտորած է եղել։ Մեր աղբյուրները հայտնում են, որ ԱԺ ղեկավարության որոշմամբ մեկ օրում աշխատանքից ազատվել ու կադրային ռեզերվ են ուղարկվել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր աշխատակիցներ։ Ընդ որում, խորհրդարանական «Բարդուղիմեոսյան գիշերը» վերաբերվել է գրեթե բոլոր վարչություններին ու բաժիններին։ Իրավիճակն այնքան է թեժացել, որ ԱԺ համակարգչային բաժնի պետ Սասուն Պետրոսյանը, որ աշխատում է 90-ականներից խորհրադարանում, հենց շենքում սրտի կաթված է ստացել, երբ իմացել է, որ իրեն ազատում են աշխատանքից և վերանշանակում իբրև նույն բաժնի գլխավոր մասնագետ։ Նրան ԱԺ-ից տեղափոխել են հիվանդանոց ու ստենդավորել սիրտը։ Խորհրդարանի աշխատակազմում վրդովված են՝ ԱԺ նոր ղեկավարությունն ու աշխատակազմի ղեկավարը հաշվի չեն առնում ոչ տարիների վաստակը, ոչ էլ պետծառայության սկզբունքները՝ ոտնահարելով Հանրային ծառայության մասին օրենքը։  Խոսում են, որ այս կերպ խորհրդարանի նորալուկ ղեկավարությունը տեղ է ազատում իրենց թիմակիցների համար։ Բայց այս ամենում հետաքրքիրն այն է, որ եթե քաղաքական պաշտոնների դեռ կարելի է նշանակել անփորձ անձանց, սակայն զուտ մասնագիտական պաշտոններին «քայլողներին» նշանակելը, հնարավոր է, հանգեցնի խորհրդարանի աշխատակազմի կոլապսին։ 

Ասում են, որ նման կադրային ջարդ խորհրդարանում չի եղել ոչ մի ԱԺ նախագահի ու նոր իշխանության օրոք։ Անգամ խորհրդային կարգերին փոխարինելու եկած ՀՀՇ-ի առաջնորդները հարգանքով են վերաբերվել խորհրդարանի աշխատակազմին և, չնչին բացառություններով, մասնագետներին հանիրավի չեն ազատել աշխատանքից։ Աշխատակազմի բոլոր ղեկավարները այս կամ այն չափով իրականացրել են փոփոխություններ, սակայն մշտապես փորձել են ապահովել անցնցում անցում։ Այս անգամ, սակայն, Հայաստանի ժողովրդավար ու հեղափոխական իշխանությունները կանգ չեն առել հարյուրավոր վաստակ ունեցող մարդկանց առանց աշխատանք թողնելու հարցում։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս