Չի հետաքրքրում, թե որոշ անհայտ գրչակներ ինչեր են գրում․ Անանյանը՝ իր հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան էջում իր վրդովմունքն է հայտնել որոշ, իր ձևակերպմամբ, «գրչակների» կողմից իր հրաժարականի պահանջի առիթով: Մասնավորապես գրել է.

«Ընդհանրապես ձեռնպահ եմ մնում ֆեյսբուքյան տիրույթում իմ հասցեին պատվիրված գրառումներ կատարողներին պատասխան գրելուց, քանի որ գիտեմ, որ այդ խեղճերն էլ իրենց աշխատանքն են կատարում ինչ-որ բանի դիմաց։

Բացարձակ չի հետաքրքրում, թե որոշ հայտնի և անհայտ վայ գրչակներ կամ մունետիկներ ինչեր են գրում (քանի որ դրանց բանի տեղ դնելով՝առկա է ոչ արդյունավետ պետական ծառայող դառնալու իրական ռիսկ)։ Սակայն հաճախ թույլ են տրվում որոշ արտահայտություններ ու պիտակավորումներ, որոնց, այնուամենայնիվ, գտնում եմ, որ անդրադառնալ պետք է։

Վերջերս, հրաժարականս պահանջող հերթական գրչակներից մեկը, որպես իր պահանջի հիմնավորում, նշել էր, որ ․․․ «ՊԵԿ-ը ղեկավարում է նախկին իշխանության կադրերից մեկը»։

Ավելի քան 26 տարի է՝ այս մասնագիտության մեջ եմ, որից 16-ը՝ ոչ պետական ոլորտում։ Երկարատև (16 տարվա) ընդմիջումից հետո պետական ծառայության եմ վերադարձել 2016 թվականի հոկտեմբերի 25-ին, իմ ընկերոջ՝ Վարդան Արամյանի հրավերով, և պատիվ եմ ունեցել լինել ֆինանսների նախարարի՝ հարկային և մաքսային քաղաքականության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտները կանոնակարգող տեղակալը։

Այժմ, պատիվ ունեմ զբաղեցնելու ՊԵԿ նախագահի պաշտոնը։

Հետևությունները թողնում եմ հանրությանը»: