ՀՀ-ն ու Ուրուգվայը քննարկում են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

984686

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռեզենբրոքին: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները:

2002 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում մի շարք խնդիրներից մեկն էլ ծխախոտի վերահսկումն է:

Լենա Նանուշյանը նշել է, որ ուսումնասիրվել է ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձը, որից ելնելով մեր երկրում մշակվում է նոր քաղաքականություն: Հաշվի առնելով այս ոլորտում Ուրուգվայի արդյունքը` փոխնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանում ևս այն իրականություն կդառնա և կունենա դրական ազդեցություն:

Էդուարդո Ռեզենբրոքը փաստել է, որ Ուրուգվայի նախագահը մասնագիտությամբ լինելով ուռուցքաբան, շատ ճիշտ գնահատել է քաղցկեղի հիվանդացության ռիսկի գործոնները: Քաղաքական կամք դրսևորելով` իրականացրել է ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ` ուղղված բնակչության առողջության պահպանմանը:

Նա նաև նշել է, որ 2002 թվականին ստորագրված հուշագիրն ամբողջովին կյանքի չի կոչվել և այսուհետև ակտիվորեն պետք է համատեղ աշխատել` հատկապես ծխախոտի հսկողությունն ապահովելու համար:

«Մենք, ականատես լինելով քաղցկեղի հիվանդացության դեպքերի աճին, կարևորելով բնակչության առողջության պահպանումը` ուզում ենք օգտագործել այլ երկրների փորձը, որպես օրինակ, որ մենք նույնպես կարող ենք փոփոխություններ իրականացնել, որոնք ազդեցություն կթողնեն երկրի վրա», – ասել է նախարարի տեղակալը:

Կողմերը ցանկություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը նաև այլ հարցերի շուրջ, ինչպես օրինակ` հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգները և կանխարգելումը, նորածինների մահացության մակարդակի նվազեցումը և այլն: