Ադրբեջանում հայտնված զինվորի մայրը հիվանդանոցում է, եղբորը տարել են Ղարաբաղ․ համայնքապետ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

զինվոր

19–ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը, որը երեկ՝ օգոստոսին 12-ին, հայտնվել էր Ադրբեջանում, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ է։ Ինչպես 24News-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, զինծառայողը սոցիալապես անապահով, անասնաբուծությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքից է։

«Ունի մի եղբայր, որն էլ պայմանագրային զինծառայող է։ Արայիկը ամեն օր կապի մեջ է էղել մեծ եղբոր հետ, խոսել հեռախոսով։ Եղբորը երեկ հրավիրել էին ռազմական կայազոր, այսօր էլ տանում են Ղարաբաղ, որտեղ քննություն պետք է տարվի»,-ասաց համայնքապետը։

24News-ի հետ զրույցում Արթուր Ստեփանյանը նաև նշեց, որ ինքը զինծառայողի հոր հետ չի կարողացել խոսել, քանի որ վերջինս լուրն իմանալուն պես մեկնել է Ղարաբաղ, իսկ մայրը վատացել է։

«Մայրն առողջական խնդիրներ ունի, մենք էլ երեկ հետախուզականի տղաների հետ էինք, ստիպված էին խաբել ու ասել, որ մառախուղ է եղել, էրեխեն մոլորվել է։ Մորը երեկ երեկոյան տեղափոխեցինք Եղեգնաձորի հիվանդանոց։ Քիչ առաջ իր մոտ էի, վիճակը համեմատաբար բարվոք է»,-ասաց նա։

Համայնքապետը նաև նշեց, որ 19-ամյա Արայիկը մոտ 8 ամիս առաջ էր մեկնել ծառայություն, վերջերս էլ արձակուրդ էր ստացել և տուն եկել։

«Մինչև հիմա ոչ մի վատ բան չենք լսել իր ծառայության մասին։ Նա բնավորությամբ հանգիստ էրեխա է, կռվարար չէ։ Առողջական խնդիրներ էլ չունի, եթե ունենար, բանակ չէին տանի։ Դե գիտեք՝ հիմա առաջվա պես չի, որ հիվանդ էրեխաներին տանեն։ Խնդիրներ չունի։ Թե ոնց է եղել, դեռ ոչ ոք չգիտի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանը օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դուրս էր եկել և հայտնվել Ադրբեջանում։

Ադրբեջանական կողմը հրապարակել է զինծառայողի լուսանկարները, որտեղ մարմնի տարբեր հատվածներում երևում են քերցվածքներ։ Ադրբեջանական կողմը ներկայացնում է, թե զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։

Դեպքի փաստով Արցախի Հանրապետության ՊԲ-ն ևս հաղորագրություն է տարածել, որում ասվում է․ «Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը»:

Հասմիկ Կիրակոսյան