Եթե Ապրիլյանի մասնակցի բուժումը կարելի է ՀՀ-ում կազմակերպել, պետք է կազմակերպել ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

տոնոյան545

Եթե Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, ապա պետք է կազմակերպվի Հայաստանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը.

«Գոյություն ունի կարգ, Կառավարության որոշում, գործում են օրենքներ, ըստ որոնց՝ եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժում իրականացնել, ապա զինծառայողներին հնարավորությունը տրվում է բուժումն իրականացնել արտերկրում։ Եթե հանձնաժողովը, որը գլխավորում է Առողջապահության նախարարը, այդ որոշումը չի կայացնում, բնական է, որ պետք է բուժումն առանց սուբյեկտիվ մոտեցումների իրանականացվի Հայաստանում։ Կարող է բոլորն ասեն՝ ես ուզում եմ գնալ այստեղ կամ այնտեղ բուժում ստանալու, բայց այդպես չի կարելի, եթե այդ բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպեն Հայաստանում։ Եվ դրա պատասխանատվությունը կրում են համապատասխան կառույցները»,–նշեց նա։

Հարցին՝ սահմանագծինարդյոք լարվածություն կա՞, Տոնոյանն ասաց. «Այդ պահին համեմատաբար անդորր է, խաղաղ է»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումն Առողջապահության նախարարությունը մերժել է՝ պատճառաբանելով, թե Գերմանիայից ստացված պատասխանում հարյուրտոկոսանոց երաշխիք չկա, որ նա կկարողանա քայլել։ NEWS.am-ին Հայկը պատմել է, որ ընկերները հանգանակություն են սկսել, այս պահին հավաքվել է 8619 դոլար, իսկ վիրահատությունն արժե 35000 եվրո։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 33-ամյա Հայկ Սեխլիյանին շտապ բուժում է անհրաժեշտ։ Նրա մարմնի մեջ բեկոր կա, որ ընդամենը մեկ սանտիմետր է հեռու ողնուղեղից։ Նախկին զինծառայողի առողջական վիճակը հետզհետե վատթարանում է։