Պատրուշևը կարևորել է միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում ՌԴ-ՀՀ գործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը կարեւորում է միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում Ռուսաստանի եւ Հայաստանի սերտ փոխգործակցությունը: Այս մասին նշված է Երեւանում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Պատրուշեւի հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Երեւանում տեղի ունեցած անվտանգության հարցերով ռուս-հայկական խորհրդակցության ժամանակ քննարկվել են միջազգային կազմակերպություններում 2 երկրների ազգային անվտանգության շահերի շրջանակում 2 երկրների փոխգործակցության հարցերը, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության թեման, նշված է հաղորդագրության մեջ:

«Նիկոլայ Պատրուշեւը շեշտել է միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում Ռուսաստանի եւ Հայաստանի սերտ փոխգործակցության կարեւորությունը՝ ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նշվել է, որ այս խնդիրները կարեւոր են 2 պետությունների կայուն զարգացման համար, ինչպես նաեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ արդյունավետ պայքարի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 12-ից երկօրյա այցով Հայաստանում գտնվող Պատրուշեւը եւ Գրիգորյանը ընդհանուր առմամբ քննարկել են 2 երկրների փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ ԱԽ աշխատակազմերի, իրավապահ մարմինների, ռազմական գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների գծով: Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վիճակի մասին եւ անդրադարձել են առեւտրա-տնտեսական հարաբերությունների թեմային:

Դրանից բացի, կողմերը խոսել են նաեւ ռուս-հայկական համագործակցության մասին միջազգային կազմակերպությունների շրջանակում՝ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի:

«Անցկացված խորհրդակցությունները հաստատել են փոխըմբռնման բարձր մակարդակը եւ ազգային անվտանգության հարցերի լուծմանը ռուսական ու հայկական կողմերի մոտեցումների նմանությունը»,- եզրափակել են մամուլի ծառայությունում: