Սամվել Բաբայանի և Արայիկ Հարությունյանի հետ քննարկումները ներքին միասնության համար էր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

Arayik-Harutyunyan

Արցախում ունենք համերաշխության եւ փոխըմբռնման այնպիսի դաշտ, որտեղ բոլոր քաղաքական ուժերը սպասվող համապետական ընտրություններում կարող են առողջ եւ քաղաքակիրթ պայքար ծավալել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Վերջին մի քանի ամիսներին մեր երկրում ծավալված ներքաղաքական զարգացումները չէին կարող իրենց բացասական հետեւանքները չունենալ հանրային տրամադրությունների վրա: Հասարակության շրջանում առկա որոշակի լարվածության մասին ազդակներն ամեն օր ստանում էի թե՛ կուսակցականների եւ թե՛ տարբեր սոցիալական խմբերի հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ: Հավատացնում եմ բոլորիդ, որ այս ընթացքում ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի երկրում վերականգնենք բնականոն վիճակը՝ Արցախը հեռու պահելով ամեն տեսակ ներքին ցնցումներից: Իհարկե, դրա պատճառով չենք խուսափել ո՛չ թիրախավորումներից եւ ո՛չ էլ շահարկումներից, բայց, կարծում եմ, կարեւորը արդյունքն է: Եվ այսօր կարող եմ հայտարարել, որ Արցախում ունենք համերաշխության եւ փոխըմբռնման այնպիսի դաշտ, որտեղ բոլոր քաղաքական ուժերը սպասվող համապետական ընտրություններում կարող են առողջ եւ քաղաքակիրթ պայքար ծավալել:

Այս գործում, միանշանակ, իր անուրանալի դերն ունեցան ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած վերջին այցը եւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Եռամիասնությանն ուղղված պատմական ելույթը:

Ներքին միասնականության պահպանմանն էին ուղղված նաեւ Սամվել Բաբայանի հետ իմ ունեցած հանդիպումներն ու քննարկումները: Այս դեպքում եւս շահարկումներից զերծ չմնացինք: Կրկին պնդում եմ, որ այդ հանդիպումները հետապնդում էին բացառապես կառուցողական նպատակ՝ հիմքում ունենալով երկրի շահը: Եվ ողջունելի է Սամվել Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ, հանրահավաքային պայքարի փոխարեն, իշխանության ձեւավորման գործընթացի համար ընտրել են ընտրություններին մասնակցելու սահմանադրական ճանապարհը:

Ողջունելի է նաեւ ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի՝ Արցախում օրինակելի ընտրությունների անցկացմանը իր պատրաստակամությունը բերելու վերաբերյալ հայտարարությունը:

Այս մթնոլորտը թույլ է տալու ազատ, արդար եւ մրցակցային պայքարում Արցախում ձեւավորել լեգիտիմ իշխանություններ՝ առանցքում ունենալով մայիսի 21-ին Մարտունի քաղաքի Հաղթանակի հրապարակում բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ իմ կողմից հնչեցրած այն միտքը, որ ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը:

Կեցցե՛ Արցախը:

Կեցցե՛ մեր միասնական ու հզոր Հայրենիքը»։