Կալիֆոռնիայում փոխհրաձգության ժամանակ ոստիկան է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

kalifornia-yutvil22-634x445

Կալիֆոռնիայում փոխհրաձգության ժամանակ 4 մարդ է վիրավորվել՝ այդ  թվում 2 ոստիկան և ևս մեկ իրավապահ զոհվել է։ Հարձակվողը վնասազերծվել է, հայտնել է ոստիկանության տեղական վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դիմակայությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսից արեւելք գտնվող Ռիվերսայդ քաղաքում: Այն սկսվել է, երբ ոստիկանը կանգնեցրել է մեքենան եւ սկսել այն ստուգել: Մեքենայի վարորդը դուրս է բերել հրացանը եւ ոստիկանի վրա կրակելով՝ նրան պատճառել բազմաթիվ վնասվածքներ, որոնց հետեւանքով նա մահացել է: Օգնության հասած 3 ոստիկաններից երկուսը վիրավորվել են, նրանցից մեկը կրիտիկական վիճակում է: Թեթեւ վիրավորումներ են ստացել 2 քաղաքացիական անձինք: Ի վերջո, դեպքի վայր են եկել ոստիկանության խոշոր ուժեր եւ հարձակվողին վնասազերծել:

Զոհված ոստիկանը 34 տարեկան էր, հարձակվողը՝ 49, նրա անձը պարզվել է:

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել բանուկ մայրուղում, եւ կարող էր տուժածների թիվն ավելի մեծ լինել: Տեղի բնակիչ Ջենիֆեր Մոկտեսուման Los Angeles Times-ին հայտնել է, որ տուն էր տանում իր երկվորյակներին, երբ փամփուշտը ծակել է մեքենայի դիմապակին: Նրա հետեւից ընթացող պահեստազորի ծովային հետեւակը օգնել է մորն ու ու երեխաներին սողալ կամրջի տակ եւ փոխհրաձգությունից փրկվել: