ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերը քաղաքացիական գործեր քննող դատարանում այսուհետ կներկայացնի փաստաբան Անահիտ Սարգսյանը, ով փոխարինել է Գրիգոր Բեքմեզյանին: Վերջինս ԱԺ-ի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այս մասին այսօր դատական նիստին հայտարարեց Անահիտ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը Երևանի ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար:
Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչն ասաց, որ Ստեփան Գրիգորյանի հայտարարություններն ունկնդրի մոտ տպավորություն են թողնում, թե դրանք վերաբերում են Խաչատուրովին և ընդհանրական բնույթ չեն կրում:
Անահիտ Սարգսյանն ասաց.
«Շատ կարևոր եմ համարում նաև նրա ներդրումը: Նա «Անդրանիկ Օզանյան» շքանշան է ստացել հայկական բանակի կայացման, ամրապնդման գործում զգալի ավանդի համար: Ապրիլյան պատերազմի առաջին օրը՝ հենց գիշերը Յուրի Խաչատուրովը 10-15 րոպե հետո գնացել է համապատասխան վայր և մի քանի օր, ըստ տվյալների՝ 20 օր, բունկերից դուրս չի եկել: Այդ պատճառով էլ, ես գտնում եմ, որ նման մարդու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը զրպարտություն է, արատավորում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը: Որևէ խոսքի ազատություն չի կարող լինել հիմք, որ նման անձի վերաբերյալ նման տեղեկություն հրապարակվեն: Սա քննադատություն չէ, սա մեղադրանք է պետական դավաճանության մեջ մի մարդու, ով բացի պետությունն ու հայրենիքը պաշտպանելուց, ուրիշ ոչինչ չի արել»:
Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ Ստեփան Գրիգորյանի հայտարարությունները զրպարտություն չեն, քննադատության սահմաններում են:
Նա նաև դատարանին հայտնեց, որ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին գրություն է ուղարկել: Նա խնդրել է տեղեկացնել, թե արդյո՞ք քննության առարկա դարձնելու է նաև Յուրի Խաչատուրովի մասնակցությունը ապրիլյան ռազմական գործողություններին։
Նա պնդում է, որ կոնկրետ անձի չեն վերաբերում Գրիգորյանի հայտարարությունները:
Նշենք, որ Ստեփան Գրիգորյանը հայտարարել էր, որ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, ապրիլյան պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից: