Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շարփի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

ցոլակյան

Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի հետ ԱԻՆ համագործակցության արդյունավետությունը, որը միտված է աղետների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աղետների հետևանքների վերացման կարողությունների զարգացմանը:

Նախարար Ցոլակյանը ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ԱԻ նախարարության քաղաքականության հիմնական ուղղությունները և իրականացվող միջոցառումների ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմին, որը, գերազանց կատարելով իր առջև դրված խնդիրը, 2015 թվականին 5 տարի ժամկետով ստացավ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորման հավաստագիրը, որի վերաորակավորման գործընթացը նախատեսված է 2020 թվականի սեպտեմբերի 1-4-ը:

INSARAG արտաքին որակավորման հավաստագիրը փաստում է թիմի բարձր պատրաստվածության և աշխարհի տարբեր երկրներում հնարավոր աղետից տուժած բնակչությանը օգնության հասնելու կարողության մասին:

Նախարար Ցոլակյանը կարևորեց INSARAG չափանիշների համապատասխան քաղաքային որոնողափրկարարական թիմերի ձևավորումը Հայաստանի մարզերում:

Նախարարի դիտարկմամբ անհրաժեշտ է ավելի ամրապնդել կարգապահությունը, կատարելագործել շարժունակությունը և տեղում որոշումներ կայացնելու ճկունությունը:

Առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ավելացնել հատուկ նշանակության փրկարարական ստորաբաժանումների աշխատակիցների թիվը:

Խոսելով ԱԻՆ կարիքների մասին, նախարար Ցոլակյանը առանձնացրեց բարձրահարկ (50 մետր և ավելի) շենքերի համար նախատեսված հրդեհաշիջման մեքենաների, ինչպես նաև անտառային հրդեհների ժամանակ ամենագնաց ջրատար մեքենաների անբավարարության խնդիրները:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հիշեց, որ Վրաստանում աշխատելու տարիներին Բորժոմիի 2017 թվականի խոշոր հրդեհի ժամանակ օգնության հասած Հայաստանի հրշեջ-փրկարարները աշխատել են օպերատիվ և արդյունավետ:

Շոմբի Շարիփի համոզմամբ, Հայաստանի INSARAG թիմը լավագույնն է տարածաշրջանում:

Նրա կարծիքով, հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստ է հայտ ներկայացնել և ստանալ ավելի բարձր որակավորման աստիճան:

Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին տեղեկացրեց հայկական և ռուսական կառավարությունների որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկված մոտ 130 տոննա մարդասիրական օգնության մասին, որը նախատեսված է ռազմական կոնֆլիկտից տուժած բնակչության համար: