Մարտի 1-ը շարադրման հետ կապված խնդիր կա․ նախարարն առայժմ թույլ չի տա դասագրքի տպագրումը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

1

Բովադակային առումով հայոց պատմության դասագրքի մասով քննարկումներ կան, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում», - նկատեց նա:

Արդյո՞ք անհամաձայնությունները կապ ունեն մարտի 1-ի դեպքերի ներկայացման հետ, նախարարը պատասխանեց.

«Ե՛վ մարտի 1-ի, և՛ ընտրությունների հետ կապված, և՛ քաղաքական գնահատականների հետ կապված»:

Նախարարն ասաց, որ դասագրքերի բովանդակային մասով չի կարող տեղեկություն հայտնել, բայց հաստատեց, որ բովանդակությունն այլ կերպ շարադրելու խնդիր կա․

«Կա այդպիսի խնդիր: Ես թույլ չեմ տվել առայժմ դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության»:

Հարությունյանը հավելեց՝ քանի դեռ մարտի 1-ի գործով քրեական գործը շարունակվում է, դա ևս խնդիրներ է առաջացնում այդ թեման գրքերում շարադրելու համար․

«Մենք ուսումնասիրում ենք մի շարք երկրների փորձը: Կան երկրներ, որոնք վերջին 20-25 տարիների իրենց պատմական դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ: ՀՀ-ն էլ կարող է կիրառել այդ փորձը»։