Վճռաբեկ դատարանը Գագիկ Ջհանգիրյանի բողոքը  վարույթ է ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News

Ջհանգիրյան

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացրած բողոքը  Վճռաբեկ դատարանը օգոստոսի 13-ին վարույթ է ընդունել։ Այս մասին 24News-ը տեղեկացավ  Գագիկ Ջհանգիրյանից։ 

Նշենք, որ խոսքը վերաբերում է իր դեմ տասը տարի առաջ կայացված դատական ակտին, որի դեմ էլ բողոք է ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանը։ 

Հիշեցնենք, որ դատական ակտը կայացվել է դեռևս 2008թ․-ի փետրվարի 23-ին տեղի ունեցած դեպքով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել է վարչության աշխատակից Արման Հարությունյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, պատռել նաև Տիգրան Աղվանյանի համազգեստը:

Այսպիսով՝ Ջհանգիրյանը կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Նրան 2008-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2009-ին դատարանը մեղավոր էր ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: 2009-ին Գագիկ Ջհանգիրյանը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է Վերաքննիչում, սակայն Վերաքննիչ ատյանը այն թողել էր անփոփոխ։ Այժմ Ջհանգիրյանն անձամբ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Գործը մակագրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին: