Օգանովսկին կձերբակալվի՞․ գեներալը չպատասխանեց 24News-ի հարցին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

ՀՀ իշխանությունների կողմից երկուշաբթի օրը գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու որոշում է կայացվել: Այդ մասին, հղում անելով իր ունեցած հավաստի աղբյուրներին, գրել է «168․am»-ը։

Հարցի վերաբերյալ 24News-ը կապ հաստատեց գեներալի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, անջատեց հեռախոսը և այլևս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «BBC» բրիտանական լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակվել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների՝ 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ 24News-ի հետ զրուցում Օգանովսկին անհեթեթություն էր համարել «BBC»-ի հրապարակումը՝ նշելով, որ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու հրաման չի տվել։

«Շատ բան կարող են գրել, բայց հո ամեն ինչ ճիշտ չէ. դա անհեթեթություն է։ Չեմ էլ հասկանում՝ ինչո՞ւ են հենց հիմա նման բան գրել, այսինքն՝ այն ժամանակ, երբ Արցախում անցկացվում են Համահայկական խաղերը։ Բայց ես էդ մարդը չեմ, որ ցուցարարների վրա կրակելու հրաման տամ ու ես հրաման տվող չեմ»,-ասել էր Օգանովսկին։