Վալերիյ Օսիպյանը հանդիպել է օրենսդիրի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանդիպել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը և հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց ոստիկանության և օրենսդիր մարմնի համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ նման հանդիպումներն էլ ավելի հաճախակի կլինեն և գործընկերությունն ավելի կխորանա՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ հանցավորության դեմ պայքարի: Հանդիպման ընթացքում խոսվեց որոշ հանցատեսակների մասով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների, նաև իրավախախտումների դեմ պայքարում հասարակության ներգրավվածության անհրաժեշտության մասին: Քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:

Ոստիկանության պետը ներկայացրել է, թե հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվում: Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է նաև առաջիկայում ոստիկանությունում սպասվող բարեփոխումներին, մասնավորապես խոսեց նոր ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության, տեխնիկական հագեցվածության մասին, ներկայացրել, թե ինչպիսին պետք է լինի նորաստեղծ շարժական պարեկային ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: