Սյունիքի մարզում աղջիկ առեւանգելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

.

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում դեպքի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ օգոստոսի 10-ին Շինուհայր գյուղի բնակիչ Գ. Մարգարյանը, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակչուհի 19-ամյա Սոնա Գ.-ի առևանգում կազմակերպելու նպատակով նախապես պայմանավորվելով Շինուհայր գյուղի բնակիչ 29-ամյա Արմեն Աղամալյանի հետ, նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում Հարժիս բնակավայրի 9-րդ փողոցի վերջնամասից խաբեությամբ՝ զրուցելու պատրվակով Սոնա Գ.-ին նստեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենան, որից հետո ավտոմեքենայում բռնություն գործադրելու՝ ձեռքերը բռնելու և բերանը փակելու եղանակով առևանգել են աղջկան։

Նրանց մեքենան  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում վթարի է ենթարկվել և կողաշրջվել, ինչի հետևանքով Ա. Աղամալյանը տեղում մահացել է, իսկ Սոնա Գ.-ն և Գ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հաստկանիշներով, իսկ առևանգման փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ն կետի հատկանիշներով:

2 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: