Կոտայքի մարզում 15 հյուրանոցներ կառուցման և վերակառուցման փուլում են․ մարզպետ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ռոմանոս

Կոտայքի մարզի զբոսաշրջության ոլորտը իր հարակից ենթակառուցվածքներով և նպաստավոր բնակլիմայական պայմաններով, բնական և պատմամշակութային հուշարձանների հարուստ բազմազանությամբ, կարող է դառնալ Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Ծաղկաձորում «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում նման կարծիք է հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս պահին գործուն ջանք ենք ներդնում երկու բարձր լեռնային և մեկ լեռնային թիրախավորված վայրերում զարգացնել համայնքային տուրիզմը»,- նշել է Պետրոսյանը, ապա հավելել, որ Կոտայքն իր պատմամշակությային արժեքներով Հայաստանի ամենահարուստ մարզն է։

Անդրադառնալով հյուրանոցային տնտեսություններին՝ մարզպետը նշել է, որ հյուրանոցների քանակով Կոտայքը զիջում է միայն Երևանի. մարզում այսօր գործում են 95 միջին և խոշոր հյուրանոցներ, որոնց մեծ մասը Ծաղկաձորում, Հանքավանում,  Արզնիում և Աղվերանում է։

«Այս պահին կառուցվում է և վերակառուցման մեջ են գտնվում շուրջ 15 նոր հյուրանոցային համալիրներ և 2 նոր ափարթ հոթելներ»,- ասել է մարզպետ Ռոմանոս  Պետրոսյանը։