Որ Արցախից զորք էր բերվել մարտի 1-ին, գիտեինք դեռ 2008-ից․ շեշտադրել չէինք ուզում․ Իգիթյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

«Դեռ 2008 թ․ շատերս գիտեինք՝ Արցախից Հայաստան զորք է բերվել, որովհետև նաև մեր ու մեր բարեկամների երեխաներին էին եկել Երևան»։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ ընդգծելով, որ անգամ առանց միմյանց հետ համաձայնեցնելու խուսափել են այդ մասին խոսել՝ վախենալով ստվեր գցել Արցախի վրա։

«Այն ժամանակ դժվար էր մարդկանց բացատրել, որ կատարվածն Արցախի ժողովրդի կամքը չէ, մի քանի հոգու հանցավոր համաձայնությունն է։

Բոլորը գիտեն, որ երբ իրենց հերոս համարող մարդիկ 700 զինվորական են բերել Հայաստան, Ադրբեջանը մի քանի բարձրունք է վերցրել, հետո, ինչքան գիտեմ, մերոնք հետ են վերցրել։ 11 տարի Ռոբերտ Քոչարյանը երդվում է, որ մեկ զինվոր Արցախից այստեղ չի եկել, ինչը բացարձակ սուտ է։ Բայց հիշում եք նաև փաստաբանի խոսքերը՝ այդ զորքը չի կարելի համարել Արցախի զորք, այն Հայաստանի զորքն է։ Նրանք փորձում էին արդարացնել Ռոբերտ Քոչարյանի խոսքը, բայց դա դեմագոգիա է»,-ասել է Հովհաննես Իգիթյանը։ 

Պատգամավորը նաև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պաշտպանության հիմքում դրել են սուտն ու կեղծիքը, բայց բոլորը հասկանում են՝ նրանք անում են այն, ինչ իրենց պատվիրում է վարձատուն։

Դիտարկմանը, թե մամուլը գրում է՝ առաջիկայում ձերբակալվելու է գեներալ Սամվել Կարապետյանը, որը հենց Արցախից Երևան եկած զորքին կրակելու հրաման է տվել, պատգամավորը պատասխանել է․ «Քոչարյանի մեղադրանքի մեջ նաև պաշտոնական դիրքի չարաշահման հանգամանքը պետք է դնել, որովհետև նա տալիս էր հրահանգներ, որոնք դուրս էին իր իրավասության սահմաններից։ Քոչարյանը իրավունք չուներ որևէ գեներալի, առավել ևս՝ Արցախի, հրամայել զորք բերել։ Դա հակասահմանադրական հրաման է»։ 

Անդրադառնալով որոշ գեներալների՝ մամուլում արած հայտարարությանը, թե իրենք զինվորական են և մարտի 1-ին հրաման են կատարել, պատգամավորը նշել է, որ սրանով արդեն իսկ ցույց են տալիս՝ հրամանը եղել է անբարոյական և հակաիրավական։

«Ի՞նչ է նշանակում մամուլում հայտարարություն են արել, ասելիք ունեն, թող համապատասխան տեղում ասեն։ Բայց Եթե գեներալն ասում է, որ ինքը զինվոր է ու ստիպված է կատարել հրաման, ուրեմն արդարանում է, որովհետև ինքն էլ է հասկանում՝ չպետք է աներ»,-ասել է Իգիթյանը։