Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը դարձան աշխարհի փոխչեմպիոններ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Սպորտ

Էստոնիայում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին բավականին հաջող մասնակցեցին հայ ըմբիշները: Նրանցից երկուսը՝ Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը, դարձան աշխարհի փոխչեմպիոններ:

60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը որակավորման փուլում 9-0 հաշվով հաղթել էր շվեյցարացի Ռասուլ Իսրապիլովին, այնուհետ 1/8 եզրափակչում նույնքան՝ 9-0 հաշվով առավելության էր հասել հնդիկ Սաչին Ռանայի նկատմամբ, 1/4-ում 5-0 հաշվով պարտության էր մատնել վրացի Դիեգո Չխիկվաձեին, իսկ կիսաեզրափակչում 6-0 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Գեորգի Տիբիլովին: Եզրափակչում, սակայն, Սահակը պարտվեց թուրք Քերեմ Քամալին` 2-7 հաշվով:

Նույնպիսի արդյունք գրանցեց նաև 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը: 9-0 հաշվով նա հաղթել էր էստոնացի Կրիստո Վիիդասին, ապա 12-6 հաշվով՝ թունիսցի Լամջեդ Մաաֆին: 1/4-ում 8-3 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Վալենտին Պետիչին, իսկ կիսաեզրափակչում 15-5 հաշվով հաղթել էր թուրք Աբդուլ Սամեթ Բասարին: Եզրափակչում նա պարտվեց վրացի Գեորգի Շոտաձեին՝ 3-6: