Կոչ եմ անում՝ դադարեցրե՛ք․ կարող է՝ իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին երևում է․Փաշինյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը, ապա ներկայացրել 2018 թվականի հունիսի 25-ի իր ելույթից մի հատված։

«Չկա այնպիսի մի սուբյեկ, որի հետ կապված մենք կաշկանդվածություն ունենանք, այս բոլոր դեպքերում մեր բոլոր գործողությունները պետք է հիմնված լինեն փասետրի վրա, և մենք այդ հնարավորությունն ենք խնդրում, ընդ որում՝ խնդրում ենք առանց նախապայմանի։

Խնդրում եմ՝ մի՛ ասեք մեզ, որ դուք այ այսպիսի փաստերի պիտի հանգենք, քանի որ այլ տարբերակ չկա։ Մենք գնալու ենք, օբյեկտիվ փաստերը գտնենք, և մեր հնարավոր որոշումը հիմնվելու է փաստերի վրա՝ անկախ նրանից, թե ինչ փաստ ի հայտ կգա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը

Վարչապետը նաև նշել է, որ իր համար հասկանալի չեն քաղաքացիական անհնազանդության գործողությունները։

«Եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժը չէ, կառավարության համար փակուղային իրավիճակ ստեղծելը չէ, ես կոչ եմ անում՝ դադարեցրե՛ք։ Մենք կաշկանդված չենք ոչ մի բանով, եկեք օգնեք մեզ, մի՛ խանգարեք մեզ, որպեսզի մենք ունենանք փաստեր, և որոշումները կայացնենք՝ բացառապես հիմնվելով այդ փաստերի վրա, որովհետև կարող է իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին երևում է»,-ասել է վարչապետը և հավելել, որ բոլորին, այդ թվում՝ ՀԿ-ներին, հրավիրում է բանավիճելու ձեռք բերված փաստերի վերաբերյալ։

Վարչապետը նաև նշել է, որ առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, և խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում:

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քննարկման մասնակիցների մի շարք հարցերին: