Ողջունելի է,որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

Արտակ Բեգլարյան54456

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Հուսամ՝ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում:

Տեղեկացնեմ, որ այս թեմայով ես պարբերական կապի մեջ եմ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով իմ մտահոգությունները և պատրաստակամությունն աջակցելու իրավիճակի բարենպաստ հանգուցալուծմանը»,-գրել է նա:

Հիշեցնենք,որ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանն օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում լքել էր մարտական դիրքը։ 

Ադրբեջանը հայտարարել էր, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով հրապարակել էր նրա լուսանկարները: