ԱԺ դռները բաց են ժողովրդի առջև։ Սուտ․ Ռ․ Մելիքյանը՝ Փաշինյանի չկատարած խոստումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

ռուբեն մելիքյան

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին և ամփոփելով օրվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների գործողությունները, իր խոսքով՝ երեք ուրացում է առանձնացրել․

«Երեք ուրացում՝ մեկ օրում

1) Վարչապետը դեռ 2018-ի աշնանը ջերմուկցիներին խոստացել էր որոշում կայացնելուց առաջ գնալ Ջերմուկ և քննարկել վիճակը բնակիչների հետ։ Չգնաց։ Փոխարենը հրավիրեց անհասկանալի կազմով խորհրդակցություն՝ հայտնելու իր որոշումը։

2) ԱԺ դռները բաց են ժողովրդի առջև։ Սուտ։ Ի դեպ հենց այս ուրացումն էր Բաղրամյանը փակելու որոշման անմիջական պատճառը։ Դրա արդյունքում ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց։

3) Փողոց փակելը՝ որպես մարդու իրավունք։ Փաստորեն միայն «Զևսին» է կարելի։ Այս ուրացման մասով բառացի վերարտադրում եմ մոտ մեկ տարի առաջվա գրառումս.

«Հուսով եմ՝ ՀՀ հաջորդ իշխանությունները (1, 2, 5, 10 թե 30 տարի հետո՝ էական չէ) հստակ ու աներկբա ձևով կարգելեն ճանապարհներ փակելը։ Եթե ճանապարհը փակվում է 5-10-15 րոպեից ավելի (որքան բանուկ, այնքան՝ կարճ) ապա դա մարդու իրավունքների չարաշահում է։

Ասում եմ «հաջորդ», որովհետև, ըստ իս, ՀՀ ներկայիս իշխանությունները նման արգելք դնելու իրավունք չունեն։

«Ինչը թույլատրելի է Զևսին, թույլատրելի չէ ցլին» (Quod licet Iovi, non licet bovi) հակաիրավական սկզբունքն այստեղ կիրառելի չէ։ Փոխարենը կիրառելի է Կանտի «կատեգորիկ իմպերատիվի» չափանիշը։

Ինչպես ձևակերպել է վերը նշված Կանտը՝ Handle so, daß die Maxime deines Willens jederzeit zugleich als Prinzip einer allgemeinen Gesetzgebung gelten könne. Եվ շատ դժվար, նունիսկ անհնար է վիճել ծերուկ Կանտի հետ, եթե անգամ ստացել ես քվեարկողների 70%-ի քվեն»,- գրել է նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news