Պատժել պաշտոնյաներին, որոնք հրամայել են խոչընդոտել խաղաղ հավաքը․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ցույց

«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովի մոտ քաղաքացիների և ոստիկանների միջև գրանցված միջադեպին։ Գրառումը՝ ստորև․

2019 թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018թ. հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան: 

2019 թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում հանդիպում էին ՀՀ վարչապետի հետ: Ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը՝ արգելելով քաղաքացիներին մոտենալ նստավայրի արդեն իսկ փակ դարպասներին, ինչը ստիպել էր քաղաքացիներին հավաքն անցկացնել պողոտայից հակառակ մայթին՝ հավաքի նպատակին չառնչվող այլ վայրում: Սա ամբողջությամբ կրկնում էր նախկին՝ բռնապետական ռեժիմի օրոք տարվող պրակտիկան: Բաղրամյան 26-ում քննարկումն ավարտվելուց հետո, քաղաքացիները, հիասթափված վարչապետի հետ հանդիպման ընթացքից և արդյունքներից, որոշեցին դրանց վերաբերյալ հանրային քննարկում անցկացնել Ազգային Ժողովի հարակից այգում:

Վերջինիս դարպասները 2018 թ. հոկտեմբեր ամսից բաց են եղել հանրության առջև և տարածքն օգտագործվում էր տարբեր հանրային միջոցառումներ կազմակերպելու համար: Սակայն քաղաքացիների տեղ հասնելուն պես՝ նրանց մուտքը Ազգային Ժողովի հարակից այգի արգելափակվեց ոստիկանների կողմից։

Առնվազն 20 րոպե սպասելուց հետո՝ քաղաքացիները, փաստացի չունենալով հանրային քննարկում անցկացնելու տարածք, ստիպված եղան դուրս գալ Բաղրամյան պողոտա: Սակայն նրանց հավաքը կասեցվեց ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ և քաղաքացիներին «ասֆալտին փռելու» միջոցով, ինչին հաջորդեց առանց իրավական հիմքի ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելը։

ՀՀ ոստիկանության կիրառած խիստ անհամաչափ ուժի արդյունքում եղան տուժողներ, որոնցից մեկը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հարկ ենք համարում հիշել ու հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, բնական ռեսուրսների թալանին, քաղաքացիների կեղեքմանը: Նախկին արժեքների և գործալաոճի շարունակությունը բացարձակ անընդունելի է՝ առավել ևս՝ հեղափոխության միջոցով իշխանության եկած և նոր արժեքներ հռչակած ղեկավարության համար, առավել ևս՝ լեգիտիմ ընտրություններով ընտրված ղեկավարների կողմից պաշտոններ ու կոչումներ ստացած պաշտոնյաների համար: Այսպիսի գործելաոճը հեռանկար չունի նոր Հայաստանում: Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումը: Պահանջում ենք՝

1. Պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, կոպտել են քաղաքացիներին ու բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք:

2. Պատասխանատվության ենթարկել ոստիկանության այն պաշտոնյաներին, որոնք հրամայել են խոչընդոտել քաղաքացիների խաղաղ հավաքը և հրապարակային տեղեկացնել ձեռնարկած միջոցների վերաբերյալ: Պահանջում ենք, որ վերոնշյալ գործողություններում ներգրավված ոստիկանների նկատմամբ պատասխանատվության միջոցառումների կիրառման վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդես գա պաշտոնական հանրային հաշվետվությամբ: Նշված անձանց նկատմամբ պատասխանատվություն չկիրառելու դեպքում, պահանջում ենք ՀՀ ոստիկանապետի հրաժարականը, հաշվի առնելով, որ վերջինս, ակնհայտորեն, չի փոխել բռնապետական ռեժիմի օրոք թրծած իր արժեքները, մոտեցումներն ու գործելաոճը, ուստիև ի զորու չէ ապահովել հասարակական կարգի պահպանումն ու իրականացնել ոստիկանական համակարգի բարեփոխումները ժողովրդավարական Հայաստանում: