Հրշեջները հերոսական աշխատանք են տանում․ բռնկված հրդեհի վերջը չի երևում․ Ֆելիքս Ցոլակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

«Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի վերջը չի երևում, որովհետև կրակը ծածուկ է․ այրվում է պատերի մեջ սառնարանի աշխատանքի համար տեղադրված նյութերը», - այդ մասին 24News-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ 

Նախարարը նաև տեղեկացրեց, որ երրորդ հարկում ամբողջովին մարվել է կրակը, 4-րդ հարկում մնացել են որոշ օջախներ, հիմնական խնդիրը 5-րդ հարկում է։

«Շենքի պատուհանները շատ քիչ են, պատերն էլ շատ հաստ, արդեն շատ ջուր է լցված շենքում։ Հիմա տանիքից փորձում ենք անցքեր բացել վերևից ջուր լցնելու համար, իսկ հետո եթե կարողացանք մեծացնել անցքերը, հրշեջները պետք է փորձեն ներս մտնել։ Աշխատանք արդեն շատ է կատարվել, հերոսական աշխատանք են կատարել հրշեջները»,-ասաց նախարարը։

Հարցին՝ ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, նախարարը պատասխանեց, որ հետքննությունը ավարտված չէ, բայց իր կարծիքով պատճառը մարդկային գործոնն է՝ անզգուշությունը։

«Վնասի չափը դեռ չի կարելի գնահատել․ կան ապրանքատեսակներ, որոնք ծխահարվել են, կան, որոնք վառվել են, կամ էլ ոչինչ չի եղել»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ հրդեհը «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկվել է երեկվանից՝ օգոստոսի 19-ից, և այն մինչ օրս մարել չի հաջողվում։ ԱԻ նախարարը ողջ գիշեր եղել հրդեհի բռնկման վայրում և ղեկավարել է հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհը մարելու համար ավելի քան 11 մարտական հաշվարկ է աշխատում։

Հրդեհաշիջման աշխատանքները՝ ստորև ներկայացվող տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news