19-ամյա արթիկցին դանակահարել է 18-ամյա համաքաղաքացուն, ապա ներկայացել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Օգոստոսի 18-ին՝ ժամը 22.50-ին, ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքի Տոնականյան փողոցից շտապօգնության բրիգադը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա մի պատանու:

Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը:

Կեսգիշերն անց տեղեկություն է ստացվել, որ ժամը 22-ի սահմանում վիճաբանության ընթացքում դանակով նրան հարվածել է Արթիկի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ: Գիշերվա երեքին մոտ նա ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել պատանուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: