«Օդնոկլասնիկիի» միջոցով բանկային քարտերից հափշտակություն են արել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

քարտ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարչությունում տեւական ժամանակ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգնությամբ 23 անձի բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կապան քաղաքի 2 բնակիչ համացանցի «ok.ru» կայքում ստեղծել են անհատական էջեր, որոնք նմանեցրել են նույն կայքի տարբեր օգտատերերի իրական էջերին՝ ներբեռնելով վերջիններիս լուսանկարները եւ  տվյալները:

Այնուհետեւ «ok.ru» կայքի նմանակ էջերի միջոցով ներկայանալով իրական էջերի օգտատերերի անունից՝ Կապան քաղաքի բնակիչները նամակագրություն են վարել իրական օգտատերերի էջերի ընկերների ցանկում ընդգրկված անձանց հետ եւ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ նրանց քարտային հաշիվներից գումարներ հափշտակելու նպատակով, խաբեությամբ՝ վերջիններիս քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խնդրել եւ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները՝ քարտերի վավերապայմանները (այդ թվում` CVV կոդը), ինչպես նաեւ դրամական փոխանցումների հաստատման նպատակով քարտային հաշիվներին փոխկապակցված հեռախոսահամարներին ուղարկված գաղտնաբառերը, որոնց միջոցով ստացել են քարտային հաշիվների գումարները տնօրինելու հնարավորություն:

Նախաքննությամբ պարզվել է, որ ձեռք բերված քարտային տվյալները համացանցի միջոցով օգտագործելով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը քարտապանների բանկային հաշիվներից ելքագրել ու հափշտակել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի գումար, իսկ երկրորդը՝ խոշոր չափերի գումար՝ դրանք փոխանցելով իրենց եւ իրենց հանցակցի՝ Կապան քաղաքի մեկ այլ բնակչի կողմից նախապես գրանցած եւ տնօրինվող «Իդրամ» եւ «Իզի Փեյ» հաշիվներին, ինչպես նաեւ վճարումներ կատարել «menu.am» ընկերությանը: Դրանից հետո հափշտակված գումարները «Իդրամ» եւ «Իզի Փեյ» հաշիվներից փոխանցել են իրենց կողմից տնօրինվող կամ իրենց ծանոթներին պատկանող բանկային քարտերին եւ կանխիկացրել դրանք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կապան քաղաքի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 38-181-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: