Տիգրան Խաչատրյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է Հայաստանի կայուն զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

Տիգրան Խաչատրյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը ողջունել է հյուրերին և պատրաստակամություն հայտնել քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը։

Շոմբի Շարփը նախարարին է ներկայացրել իր թիմը և պատմել կազմակերպության ներսում իրականացվող բարեփոխումների մասին։ ՄԱԿ-ի մշտական համակարգողն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի կառուցվածքում ընդգրկված դոնոր կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցության ձևաչափին։

Կողմերը քննարկել են Հայաստանի կայուն զարգացման նպատակները. ՄԱԿ-ի պատվիրակության մասնագետները ներկայացրել են կազմակերպության առաջնահերթությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտային ռազմավարությունների մշակման աշխատանքներին, ձևաչափին և ՄԱԿ-ի ներգրավվածությանը նախագծերի վերջնական քննարկման փուլում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փաստահավաք փորձագիտական խմբի կողմից պատրաստվող Ներդրումային քաղաքականության հետազոտության վերաբերյալ։