Հայաստանի տնտեսական աճը 2019թ. 2-րդ եռամսյակում կազմել է 6.5 %

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Հայաստանի տնտեսական աճը 2019թ. երկրորդ եռամսյակում կազմել է 6.5 տոկոս: Տնտեսական աճին հիմնականում նպաստել են առևտրի և ծառայությունների ոլորտները։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալներով՝ 2019թ.-ի երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ն կազմել է 1 տրլն  481.7  մլրդ  դրամ։ ՀՆԱ հավելաճին նպաստել են առևտրի և ծառայությունների, արդյունաբերության, շինարարության ճյուղերը, համապատասխանաբար՝ 4.91, 1.82 և 0.06 տոկոսային կետերով։ ՀՆԱ-ի հավելաճին բացասաբար է ազդել գյուղատնտեսությունը՝ -1.01 տոկոսային կետով։

2019 թվականի երկրորդ եռամսյակում ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ բաժինն ընկել է առևտուր ու ծառայություններ ոլորտին, որը կազմել է ՀՆԱ-ի 55%-ը կամ 814.3 մլրդ դրամ, 2-րդ խոշոր ճյուղը արդյունաբերության ոլորտն է, որը կազմել է ՀՆԱ-ի մոտ 19 տոկոս՝ կազմելով 278.5 մլրդ դրամ։ Գյուղատնտեսությանը բաժին է ընկել ՀՆԱ-ի  10.6%-ը կամ 157.6 մլրդ դրամ, շինարարությանը՝ 6.1 % կամ 91 մլրդ։

2019թ. երկրորդ եռամսյակում  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենամեծ աճը գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման գծով՝ մոտ 38 տոկոս,  հանքարդյունաբերության ոլորտը գրանցել է մոտ 20 տոկոս աճ։ Անշարժ գույքի հետ կապված գործունեությունն աճել է մոտ 9 տոկոս, մշակող արդյունաբերության ոլորտում գրանցվել է 9.5 տոկոս աճ, մեծածախ և մանրածախ առևտրի ճյուղում՝  մոտ 8 տոկոս աճ, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 10.7 տոկոս: ՀՆԱ-ի աճն ապահովող հիմնական ճյուղերից միայն գյուղատնտեսությունն է անկում ապրել՝ 10.1 տոկոսով։

2019թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է համապատասխանաբար 7.2 տոկոս։