2018թ. ընտրությունները բացառապես հիմնված էին զգացմունքների և հույզերի վրա․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Անցումային արդարադատություն, վեթթինգ, կուսակցությունների մասին օրենք, ընտրական օրենսգիրք, Արցախը բանակցային կողմ դարձնելը, Ստամբույլյան կոնվենցիայի վավերացում . . .

Հայտարարված և տապալված օրակարգերի շարքը կարելի է շարունակել։

Ընտրություններին 70% ձայն ստացած իշխանությունը չի կարողանում իրագործել Ամուլսարի հանքի շահագործման դեռևս 8 ամիս առաջ ընդունած իր քաղաքական որոշումը։

Խորհրդարանական մեծամասնությունը կանգնած է փլուզման եզրին, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարության հրաժարականի։

Սա վկայում է այն մասին, որ 2018թ. ընտրությունները բացառապես հիմնված էին զգացմունքների և հույզերի վրա և զուրկ էին քաղաքական բաղադրիչից։

Իշխանական խորհրդարանական մեծամասնությունը կազմված է ապաքաղաքական խայտաբղետ տարրերից, որոնց միավորում է միայն Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը՝ առանց օրակարգի, խնդիրների լուծման և անելիքների մասին տարրական պատկերացումների։ Գաղափարախոսությունը անհարկի շքեղություն է այս բազմաշերտ և բազմագույն միավորման համար։

Փաստորեն ձախողված է ոչ թե պետությունը, այլ իշխանությունը, ընդ որում իր ձևավորման առաջին իսկ օրից»։