Բոլոր զարգացումների պարագայում պետությունը պատրաստ է արբիտրաժային գործընթացին․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

․

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է այն մտահոգություններին, թե «ՀՀ կառավարությունը Ամուլսարի հարցով վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից»։

ՀՀ փոխվարչապետը մտահոգությունների առնչությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Կառավարությունը շատ լավ պատկերացնում է իրավիճակը, ինչպես նաև քայլերը և անհրաժեշտ գործողությունները ցանկացած սցենարի դեպքում, այդ թվում նաև հավանական արբիտրաժային գործընթացում:

«Բոլոր հնարավոր զարգացումների պարագայում պետությունը պատրաստ է լինելու արբիտրաժային գործընթացին։ Հետևապես, այն մեղադրանքները, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից և արբիտրաժից, տեղիք է տալիս միջազգային կորպորացիաների սպառնալիքներին, իրականությանը չեն համապատասխանում։

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, և բացառվում է, որ արտաքին ճնշումների ազդեցության տակ որոշումներ կայացվեն»,- գրել է Ավինյանը:

Նա տեղեկացրել է, որ մինչև «ELARD»-ի փորձաքննության հրապարակումը և նույնիսկ մինչև Լիդիանի պաշտոնական ծանուցումը վեճի մասին՝ կառավարությունը ձեռնարկել էր անհրաժեշտ բոլոր քայլերը` պատշաճ կերպով գնահատելու արբիտրաժային գործընթացի ընթացքում պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը և առհասարակ հնարավորությունները: