Քաղավիացիայի «բացառիկ» մասնագետը հեռացել է. պատճառը Տաթևիկ Ռևազյա՞նն է. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Տաթևիկ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը:

Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, և այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա:

Մեր տեղեկություններով, նրա հրաժարականի պատճառը Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել: Մենք կապ հաստատեցինք Սայադյանի հետ, սակայն նա չցանկացավ խոսել այս թեմայով՝ դա համարելով իր անձնական խնդիրը։

«Ես դուրս եմ եկել անձնական պատճառներով, անձնական նկատառումներից ելնելով։ Այդքանը կարող եմ ասել»,- ասաց նա՝ նշելով, որ օգոստոսի 12-ից այլևս չի աշխատում Քաղավիացիայի կոմիտեում։

Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ նրա դուրս գալը պայմանավորված է Տաթևիկ Ռևազյանի անձով, Սայադյանն ասաց․ «Չէ, եկեք ես մեկնաբանություններ չտամ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: