«Սասնա Ծռերը» դատապարտում է Հայկ Մարտիրոսյանի, Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդման փորձը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Հայկ

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ խստ մտահոգիչ  համարելով խորհրդային բռնապետության ոճով և նախկին հանցավոր ռեժիմին բնորոշ ձեւով քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ու Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ միջոցով իրականացվող հետապնդումների փորձերը: Հայտարարությունը՝ ստորև․

«Այդ փորձերն, իհարկե, կատարվում են քողարկված ձեւով՝ իբրեւ թե նրանց ֆեյսբուքյան գրառումներում առկա հանցագործությունների մասին հաղորդումների իսկությունը ստուգելու պատրվակով: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ փորձերն սկսվեցին ի պատասխան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ՀՀ վարչապետի եւ կառավարության հասցեին հնչեցրած նրանց կոշտ քննադատության՝ ամենայն հավանականությամբ նպատակ ունենալով լռեցնելու նրանց ձայնը հոգեբանական եւ, հնարավոր է՝ նաեւ իրավական ազդեցության միջոցներով:

Դատապարտում ենք խոսքի ազատության դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած այս փորձերը եւ համոզմունք ենք հայտնում, որ մեր երկիրը բռնապետության ճահիճը վերադարձնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Մարտիրոսյանին և Արթուր Գրիգորյանին, իսկ ՀՀ իշխանություններին հորդորում ենք այսուհետեւ ձեռնպահ մնալ Հայաստանը նորից բռնապետության վերածելու գայթակղությունից, հավատարիմ լինել ժողովրդավարությանը եւ չխախտել մարդու իրավունքներն ու ազատությունները»:

Հիշեցնենք, որ Ամուլսարի հետ կապված իշխանությանը քննադատելու դիրքորոշմամբ էին հանդես եկել Հայկ Մարտիրոսյանը և Արթուր Գրիգորյանը։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նրանց արտահայտած տեսակետերին՝ նշելով, որ օրվա ընթացքում 2 ամենասուր հայտարարությունների հեղինակներից «մեկն աշխատանքից ազատվել է խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին, ի հեճուկս աղիողորմ խնդրանքների,  աշխատանքի չեմ ընդունել»:

«Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ զգացողությունները:

Հ.Գ. Մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի: Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: Ու բարեբախտաբար նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»,-գրել էր Նիկոլ Փաշինյանը: