Անգամ ՀՔԾ-ն քո «ընկեր ջանով» ասում է՝ Սերժ Սարգսյանը որևէ քրգործով կասկածյալ չէ․Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ներաքաղաքական իրավիճաին։

«Ժողովրդին սուտ խոստումներ շռայլած, կախարդական փայտիկը կորցրած և սեփական ստերի թակարդում հայտնված Փաշինյանը, իր ընտանիքի սեփականությունը հանդիսացող լրատվամիջոցում հերթական անգամ իր ձախողումները փորձում է բարդել նախկին իշխանությունների վրա:

Հոդվածագիրը, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանը, օրակարգային համարում է ոչ թե Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումը, Ամուլսարի խնդիրը, տրանսգենդերության քարոզն ու Արցախյան հարցում մտահոգիչ զարգացումները, այլ հերթական լացակումած ու ֆալշ երգն է երգում թալանի մասին:

Նիկոլ, չի ստացվելու եւ ասեմ՝ ինչու: Նույնիսկ ՀՔԾ-ն՝ քո «ընկեր ջանով», պաշտոնապես հայտարարում է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի անցնում:

Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի մասին քո ստերը ուղղակի փուչիկ էին եւ են: Դու ստել ես եւ շարունակում ես ստել, թեեւ, իշխանության գալով, փորձում էիր համոզել, թե նախկինում ասածդ չի բռնում ներկայում ասածիդ, որովհետեւ իրավիճակ է փոխվել, բայց փաստորեն, քեզ մոտ իրավիճակի փոփոխությունն անընդհատական է, քանի որ ստերդ այդպես էլ չեն սպառվում:

Ի տարբերություն հոդվածագիր Փաշինյանի՝ ես գտնում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը մեր գլխավոր սպառնալիքներից մեկն է եւ Փաշինյանի աճպարարությունը, թե նախկիններն են ստորագրել, չի անցնելու:

Ստորագրելը վավերացում չէ եւ պարտավորություն չէ, մոնիտորինգի տակ մտնել չէ: Նախկինները վավերացման պարտավորություն չեն ստանձնել: Եւ եթե «ժողովրդի վարչապետը» գնաց վավերացման ճանապարհով, ողջ պատասխանատվությունը նրա ուսերին է լինելու:

Նիկոլ, հերիք է քո սխալները բարդես ուրիշների վրա եւ արդարացնես ապազգային գործողություններդ:

Ամուլսարի հարցից. Նիկոլ Փաշինյանն է մեղադրել նախկին իշխանություններին Ամուլսարում «կոռուպցիոն սխեմաների» համար: Մինչդեռ այսօր, ոչ ավել, ոչ պակաս ինքն է ասում, թե Ամուլսարը պետք է աշխատի: Ավելին, այս ընթացքում պետությունը հսկայական ֆինանսական կորուստներ է ունեցել: Հիմա ի՞նչ է եկել արդարանում:

Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալ: Ինքդ ես փաստում, որ Ամուլսարի շահագործման դադարեցումը անօրինական էր: Քո պատճառով պետությունը «Լիդիանին» 1 տարվա պարապուրդի համար պետք է հսկայական տուգանքներ վճարի:

Ավելին, պետական միջոցներից հավելյալ 400 000 դոլար էլ տվել ես փորձաքննության համար, որը պետք է փաստեր այն, ինչ արդեն փաստել էին հեղինակավոր կազմակերպությունները:

Բա պետական միջոցների մսխումից ու վատնումից էիր ժամանակին խոսում, բա տատիկ-պապիկների «նիսյաների» համար ԱԺ ամբիոնից լացակումած ճառեր էիր ասում, թե՞ նորից իրավիճակ է փոխվել:

Եւ վերջապես, Արցախի հարցում Նիկոլ, դու սուս: Շարունակիր Ալիեւին «կիրթ եւ նորմալ» համարել: Ալիեւին, ով 30 տարի երազել է այն, ինչ դու այսօր անում ես:

Հ.Գ. Հին Հռոմում սենատոր Կատոն Ավագը իր ելույթներն ավարտում էր «Կարթագենը պետք է կործանվի» խոսքերով:

Մեր պետականության համար «կարթագենիզմ-նիկոլիզմը» պետք է կործանվի:

Դու պետք է հեռանաս եւ որքան շուտ, այդքան լավ պետության համար: