«Հայաստանը աղքատ երկիր է»․ այս բարբաջանքի ներքո են հանքերը թալանել․ նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Արմեն

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան էջում մի քանի թվիթ է արել Ամուլսարի վերաբերյալ, որոնք ներկայացնում ենք ստորև․

«Հանքերի շահագործումը երկրում ոչ միայն էկոլոգիական խնդիր է: Գործող օրենսդրությունը հատուկ ստեղծված է հանքերը իսպառ թալանելու համար: Ժողովրդին հրամցվել են ընդամենը «աշխատատեղ» և «աշխատավարձ» կեղծ արժեքները: Գերշահույթը մնացել է դրսերում, երկրի բյուջեն չի օգտվել ռոյալթի հարկից:

Ոլորտի մի քանի նախարար լիցենզիաների բաշխմամբ դոլարային միլիոնատերներ են դարձել: Եթե կառավարությունը չփոխեց խաղի կանոնները, վաղ թե ուշ հաշվելու ենք հերթական նախարարի միլիոնները: Ընդերքը ժողովրդի սեփականությունն է: Պետական բյուջեն ընդերքի մասհանումից պիտի տոկոս ստանա՝ ռոյալթի:

Ընդհանուր առմամբ, իհարկե, պետք է գնալ հանքարդյունաբերության տեսակարար կշռի անընդհատ նվազման ճանապարհով՝ մինչև դրա զրոյացում: Փոքր տարածք ունեցող երկրի համար ամեն մի մետր կարևոր է: Ամեն մի մետրը ծաղկացնել է պետք: Ագարակի, Քաջարանի համար առանձին replacement-ի ծրագրեր են պետք։

«Հայաստանը աղքատ երկիր է»- այս բարբաջանքի ներքո են հանքերը թալանել: Ամեն տեղ լաց են եղել, վիզները ծռել ու ողորմություն են խնդրել, աղքատ երկրի պատկեր են ձեւավորել: Մինչդեռ քառակուսի մետրին ընկնող հանքերի պարունակությամբ մենք ՀԱՐՈՒՍՏ երկիր ենք, կարելի է ասել նաեւ՝ ՀԱՆՔԱՅԻՆ երկիր ենք»: