Երբ հեղափոխության զավակները խժռում են հեղափոխության հորը. գործելու ժամանակը

Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի հանքի շահագործումը թույլ տալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը և դրա արդյունքում առաջացած ներթիմային ճգնաժամը ցույց են տալիս, որ հեղափոխական կառավարությունը դեռևս չի կարողացել ձևավորվել իբրև համակարգ ու չունի իմունիտետ ներքին ու արտաքին մարտահրավերների համար։ Ի՞նչ է ստացվում, երբ «թավշյա» կառավարության ղեկավարն ընդունում է քաղաքական որոշում՝ հիմնվելով միջազգային վերլուծությունների հիման վրա, նրա թիմի բազմաթիվ անդամներ անթաքույց դժգոհություն են արտահայտում իրենց ղեկավարի որոշման դեմ ու սկսում սպառնալ մանդատներ վայր դնել, կազմել այլ խմբակցություն, անցնել ընդդիմություն և այլն... 

Փաշինյանի և նրա մերձավոր թիմի ողբերգությունն այն է, որ, պատրաստ չլինելով և չսպասելով իշխանություն վերցնելու հնարավորությանը՝ թավշյա հեղափոխության հաջողությունից հետո, հապշտապ, ծանոթ-անծանոթի կարգով պետական կառավարման համակարգն ու խորհրդարանը լցրեցին այնպիսի մարդկանցով, որոնք ոչ միայն օրգանապես կապ չունեին իրենց քաղաքական թիմի հետ, այլ նաև ոչ հեղափոխական պայմաններում «ԺԷԿ»-ի պետ դառնալու հավակնություն կարող էին չունենալ։ Դրա հետ մեկտեղ վարչապետի ակնհայտ ամբոխավարական՝ «ժողովրդի իշխանության», կառավարության դուռը ջարդող կնոջ՝ «ժողովրդի դուռն է, կուզեն կջարդեն՝ կուզեն չէ» հայտարարություններից հետո շատերը իսկապես սկսեցին մտածել, որ ցանկացած քաղաքական որոշում կայացնելիս վարչապետը պետք է հանրահավաք կամ հանրաքվե անցկացնի՝ քայլ անելուց առաջ։ Եվ այս երկու խումբը՝ պատահական իշխանության մեջ հայտնված մարդիկ ու իրենց «ժողովրդի տեղ դրած ակտիվիստներն» այսօր ակնհայտորեն ներսից պայթեցնում են Փաշինյանի քաղաքական թիմի միասնականությունը։ 

Ամուլսարի հանքի հարցը, իհարկե, կարևոր է, սակայն այս իշխանություններին առջևում շատ ավելի մեծ փորձություններ են սպասվում, շատ ավելի ծանր որոշումներ կայացնելու հնարավորություններ են լինելու։ Ու եթե այս հարցում իշխանությունը տալիս է առաջին ճաքերը, ինչ կլինի, եթե նրանք բախվեն շատ ավելի ծանր որոշումներ կայացնելու փաստի ու պարտադրանքի առջև։ Այդ ժամանակ Փաշինյանին ընդդիմություն անհրաժեշտ չի լինի՝ «հեղափոխության զավակները կխժռեն հեղափոխության հորը»։ 

Հարաբերականորեն բարձր վարկանիշ ունեցող վարչապետ Փաշինյանը պետք է գիտակցի, որ այն թիմը, որով նա պատրաստվում է Հայաստանում փոփոխություններ իրականացնել, ամենամեծ ականն է, որ դրված է իր իշխանությնա տակ։ Եվ եթե նա իսկապես չի ցանկանում, որ վերջում թիկունքից հարված ուտի, պարտավոր է պատեհապաշտներին, տարատեսական «սորոսական» ֆոնդերից հրահանգներ ստացողներին փոխարինի մասնագետներով, ովքեր, միգուցե և չեն քայլել, սակայն տիրապետում են համապատասխան գիտելիքներին ու գործիքակազմին, որպեսզի երկրում իրավիճակ փոխեն։ Եթե ներքին խռովության այս ալիքը չզսպվի և շարունակվի «ժողովրդավար բալա» օպերացիան, հետո կարող է ուշ լինի... 

Սուրեն Կամսարական