Ոստիկանները բացահայտեցին Մալաթիայում կատարված գողությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Օգոստոսի 17-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Բաբաջանյան 159 շենքի մոտ կայանված իր մեքենայից գողություն են արել:

Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ կոտրել են մեքենայի ապակին և սրահից գողացել պայուսակ: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, հնչեց երկրորդ ահազանգը:

Քաղաքացին հայտնում էր, որ Իսակովի 36 շենքի դիմաց կայանված իր մեքենայից գողություն են արել: Ձեռագիրը նույնն էր: Կոտրել էին ապակին և մեքենայի սրահից հափշտակել դրամապանակ, որի մեջ եղել էր փող ու տարբեր քարտեր: Ոստիկանները կասկածներ ունեին, որ գողությունները նույն մարդու ձեռքի գործն են:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ գողությունները ժամեր անց բացահայտվեցին: Նույն օրը, գողությունները կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց 28-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց կատարածը:

Նախապատրաստվում են նյութեր: