Ամուլսարը հեռու է, ես Կոնդ եմ ապրում. հարցում Երևանի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

24News-ի թղթակիցը շրջել է Երևանի փողոցներով՝ պարզելու, թե ինչ կարծիք ունեն  քաղաքացիներն Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։ Քաղաքացիների մի մասն ասել է, թե կողմ և դեմ բերված փաստերը հավասար են, ուստի Կառավարությունն ինչպես որոշի, այդպես պետք է լինի։

Հարցմանը մասնակցած որոշ քաղաքացիներ նշել են, որ հանքի շահագործումը վնասակար է ժողովրդի առողջության համար, այդպիսի վայրերում ապրող մարդկանց շրջանում է հիմնականում քաղցկեղը տարածված։ Քաղաքացիների մի մասն էլ ասել է, որ սխալ է նաև հանքը չշահագործելը, քանի որ մեծ տուգանքների, արբիտրաժային դատարանի հարց է առաջանում։ Նրանք նաև ընդգծել են, որ Ամուլսարի շահագործման հարցն առաջացել է ՀՀԿ-ի օրոք, ու նրանք այսօր Նիկոլ Փաշինյանին կանգնեցրել են փաստի առաջ։ 

Անդրադառնալով օգոստոսի 19-ի՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմանը, որտեղ վարչապետը նշեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը, քաղաքացիներն ասացին, որ չեն կարծում, թե նա կողմնակալություն է դրսևորում այս հարցում, այդուհանդերձ, ըստ նրանց՝ եթե պարզվի, որ անգամ 50 տոկոս վնաս կա, հանքը չպետք է շահագործվի։