Բացահայտվել է Ջրվեժում երկու տղամարդու դանակահարության դեպքը. մեկ անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Հասարակություն

ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժում գործող հյուրանոցառեստորանային համալիրի մոտ  երկու տղամարդու դանակահարության դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

2019 թվականի օգոստոսի 17-ին՝ժամը 03:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու տղամարդ: Նրանցից մեկի մոտ ախտորոշվել է «որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք», իսկ մյուսի մոտ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վիրավորում և աջ ազդրի վ/3-ի չթափանցող կտրած-ծակած վերք»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով: Բուժհաստատություն տեղափոխված երկու տղամարդիկ քրեական գործով ճանաչվել են տուժող:

19.08.2019թ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Երևան  քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997թ., ներկայացել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Պարզվել են երկու տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները, շարժառիթը:

Վերջինս նույն օրը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: