Մարզպետարանի աշխատակցի դաժան սպանության համար կասկածվող երիտասարդը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

1

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ի նկատմամբ, հայտնում է Shamshyan.com-ը։

Դատավոր Ս. Բաղդասարյանը բավարարել է միջնորդությունը և Արեն Մ.-ն դատարանից ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2019 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից հաղորդում է ստացվել 46-ամյա տղամարդու ամառանոցը այրվելու եւ վերջինիս դիակը նշված ամառանոցում հայտնաբերելու մասին:

Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը  դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին եւ սպանել նրան: Այնուհետեւ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հրկիզել է դիակը եւ ամառանոցը:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի արտաքին զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ:

Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին: Վերջինս ձերբակալվել է: