Սիբիրախտով վարակված է եղել 1 կենդանի. գյուղացիները մորթել են, միսը բաժանել իրար մեջ․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

սատմ

Օրեր առաջ առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց: Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Իրենց մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ հաստատվել է, որ կենդանին եղել է սիբիրախտով հիվանդ: Տեսչական մարմնի մասնագետները 34 ընտանիքից հավաքել են կենդանու միսը, սառնարաններում առկա այլ մթերքները, հայտնաբերվել է նաև կենդանու գլուխը և կաշին: Հավաքված մսեղիքը և մթերքները սահմանված կարգով անասնագերեզմանոցում այրվել են: Նշենք, որ կենդանու մոտ հիվանդությունն առաջացել է, քանի որ անասնատերը հրաժարվել է պատվաստումից:

Գեղահովիտ համայնքում առկա մյուս բոլոր կենդանիները ջերմաչափվել են և գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, այլ դեպքեր չեն գրանցվել:

Ավելի վաղ գրել էինք, որ Սիբիրյան խոցով վարակված կովին մորթել են և վաճառել գյուղի բնակիչներին, ինչի հետևանքով որոշ գեղահովիտցիներ հայտնվել են հիվանդանոցում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը 24News-ի հետ զրույցում նշել էր, որ թեև սիբիրյան խոցի դեմ եղջերավոր անասունները պատվաստվում են, և վարակը մեկը մյուսին փոխանցելը հեշտ չէ, սակայն կովերի շրջանում հետազոտություն են իրականացնում։

«Այդ կովը պատվաստված չի եղել, իսկ վարակը այդ դեպքում հողից է անցնում կենդանուն։ Գյուղացին, տեսնելով, որ կողվը անկում է, մորթել ու վաճառել է գյուղացիներին։

Հավանաբար չի էլ իմացել, որ վարակված է, որովհետև հատուկ ախտանշաններ չունի։ Մենք արդեն ոչնչացրել ենք միսը, մոտ 10 կգ-ի չափով չենք գտել»,-ասել էր նա, ապա հավելել, որ այլ դեպք այս պահի դրությամբ հանրապետությունում չի գրանցվել, իսկ Գեղահովիտի դեպքը գրանցվել է օգոստոսի 12-ին։

Մինչդեռ օգոստոսի 20-ին ևս Սյունիքի մարզում սիբիրյան խոց խոզերի շրջանում, որի առնչությամբ լաբորատոր փորձաքննություն է կատարվում: