«Արայի ամրոց» ռեստորանի մատուցողների վիճաբանությունն ավարտվել է 3 հոգու դանակահարությամբ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ոստիկանություն

Օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմանում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Երանոսյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ենոքյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Ռաֆիկ Թադևոսյանը, ով «կրծքավանդակի «աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ է ընդունվել, Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Թովմասյանը, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ մասի կտրած վերք» ախտորոշմամբ, և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Գևորգյանը, ով հիվանդանոց է ընդունվել «Ձախ թիակի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի և Դավիթաշենի բաժանմունքների ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նույն ռեստորանի աշխատակցի՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Արկադի Ամիրգուլյանի հետ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց։

Ոստիկանններն ու քննիչները ժամերի ընթացքում հայտնաբերել են Ա. Ամիրգուլյանին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ամիրգուլյանն ու բոլոր վիրավորները աշխատում են «Արայի ամրոց» ռեստորանային համալիրում՝ որպես մատուցողներ։

Ա. Ամիրգուլյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news