ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
«Այն, ինչ այժմ կատարվում է Ամուլսարի հանքի շուրջ, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ, առողջ գործընթաց է: Ժողովրդավարական երկրներում բնապահպանները բողոքում են իրենց և ոչ միայն իրենց կառավարությունների, կորպորացիաների դեմ: Բոլորս տեսել ենք, թե ինչպես է, մասնավորապես, «Գրինփիսը» փոքրիկ մակույկներով տարբեր տեսակի ակցիաներ իրականացնում` փորձելով փակել, օրինակ, հսկայական ձկնորսական նավերի ճանապարհը:
Պետությունները և կառավարությունները բանակցում են բնապահպանների հետ ու փորձում են գտնել փոխադարձաբար ընդունելի լուծումներ: Բնապահպանները, իհարկե, մշտապես չափազանցնում են վտանգը ու, տագնապ հնչեցնելով, «աղետալի հետևանքներ» են կանխատեսում: Օրինակ, «եթե այս նավթային տանկերը դուրս գան օվկիանոս, շրջակա ամբողջ ֆլորան և ֆաունան ոչնչանալու են»: Ուրիշ հարց, որ լրագրողները, լրատվամիջոցները չպիտի հալած յուղի տեղ դնեն «աղետի» և «կործանման» մասին հուզական բացականչությունները, մանավանդ` իրենք էլ չսկսեն նույն ոգով բացականչել: Հակառակ դեպքում նրանք դառնում են իրադարձության մասնակից, կողմ` ոչ թե լուսաբանող:
Մենք պետք է սովորենք բնապահպանական պայքարի նշված ձևերին` դրանք ժողովրդավարական հասարակության անբաժանելի մասն են: Պետք է նաև պատրաստ լինենք, որ քաղաքական ուժերի մի մասը կփորձի քաղաքական դիվիդենդներ շահել այդ պայքարի վրա: Մի մասն էլ ունի, այսպես ասած, «կանաչ» կողմնորոշում: Հայաստանում քաղաքական երփներանգի այդ հատվածին է, կարծես թե, հավակնում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը: Շատ բնական եմ համարում, որ երիտասարդ քաղաքական և հասարակական գործիչներն իրենց կարիերան կառուցում են «կանաչ թեմայի» վրա, որը «թրենդային» է Արևմտյան Եվրոպայում:
Իհարկե, անխուսափելի է նաև, որ այդ կամ այն կորպորացիայի դեմ բողոքողների մի մասը համագործակցում է մրցակից կորպորացիայի հետ, ինչի մասին, ի դեպ, իր խոսքում նրբորեն ակնարկում էր Հայաստանի վարչապետը: Ոչ մի երկրում, ոչ մի հասարակական շարժում 100 տոկոսանոց «իդեալիստական» բնույթ չի կրում: Բայց ընդհանուր առմամբ բնապահպանական շարժումների կորիզը, ինձ թվում է, մաքուր է: Բնապահպանները զարգացած երկրներում պահանջում են առավելագույնը, ստանում են իրենց պահանջածի, ասենք, 20 տոկոսը: Եթե չպահանջեն, կառավարություններն այդ 20 տոկոսն էլ չեն անի:
Ցանկացած հանքի շահագործում վնաս է հասցնում բնությանն ու մարդկանց առողջությանը` դա անվիճելի է: Վերջին շաբաթների իրադարձությունները դաս պիտի լինեն թե' այս և թե' հաջորդ կառավարությունների համար, որ նրանք 100 անգամ մտածեն՝ նոր հանք բացելուց առաջ: Արդյոք այսօրվա կառավարությունը «տարբերակ ունի՞» այս մեկի աշխատանքները դադարեցնելու, ես չգիտեմ: Այստեղ բնապահպանական հույզերը և բացականչությունները քիչ են, անհրաժեշտ է չոր, սառնասիրտ հաշվարկ: Ինչ-որ բարի է, այդ էլ թող կատարվի»,-գրում է թերթը: