Մելիք Մանուկյանը ցուցմունք է տվել իր դեմ իրականացված մահափորձի գործով՝ նշելով պատճառը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը օգոստոսի 2-ին իր դեմ իրականացված մահափորձի գործով ցուցմունք է տվել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Մելիք Մանուկյանի ներկայացուցիչ Հրանտ Գևորգյանը։ 24News-ի տեղեկությւոններով գործարարը ցուցմունք է տվել և հայտնել, որ մահափորձի պատճառը երկու տարի առաջ իրեն պատկանող ապակե տարաների գործարանում տեղի ունեցած միջադեպն է։ Մելիք Մանուկյանը կասկածներ է հայտնել, որ իր նկատմամբ իրականացված մահափորձի պատվիրատուն այդ միջադեպի մասնակից, քրեական հեղինակություն համարվող Ազատանցի Պետոն է։ Մելիք Մանուկյանի ներկայացուցիչ Հրանտ Գևորգյանն այս տեղեկությունները ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց՝ ընդգծելով, որ նախաքննական գաղտնիքը հաշվի առնելով այլ մանրամասներ չի կարող հայտնել։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել են Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Range Rover մակնիշի մեքենան պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, իրացնել, պահելու համար՝ ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։