Հնարավորինս ամրապնդե՛լ Գյումրու օդանավակայանի պոտենցիալը․ Մարուքյանի կոչը կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

 

ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքայն էջում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել․

1

«Ժամանակին, երբ իմ կողմից բարձրաձայնվում էր Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ուղղություններ ավելացնելու անհրաժեշտության հարցը, այն բնականաբար բովանդակային քննարկման առարկա չդարձավ:

Այս անգամ որոշեցի ինքս օգտվել Գյումրու օդանավակայանից՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններ է այն առաջարկում ուղևորներին, և պետք է ասեմ, որ օդանավակայանն ունի զարգանալու մեծ ներուժ։

Պետք է նաև խորին շնորհակալությունս հայտնեմ տեղի սահմանապահ ծառայության, սպասասրահի և մաքսայինի աշխատակիցներին՝ մեծ պատասխանատվությամբ, ջերմությամբ ու պատրաստակամությամբ պատմելու համար, թե ինչպես կարող է իրենց օդանավակայանը զարգանալ և ինչպես են նրանք դրան սպասում ու պատկերացնում։

Մինչդեռ, ըստ այժմ ստացվող տեղեկությունների՝ իռլանդական «RyanAir» ընկերությունը մտնում է հայկական շուկա, սակայն պայմանագիր է կնքում ոչ թե «Շիրակ», այլ Զվարթնոց օդանավակայանի հետ, ինչը կրկին անգամ ուժեղացնում է «Զվարթնոցի» և հետևաբար թուլացնում Գյումրու օդանավակայանի դիրքերը։

Այսպիսով, կոչս է կառավարությանը՝ հնարավորինս ամրապնդել Գյումրու օդանավակայանի պոտենցիալը, բարելավել սպասասրահի պայմաններն ու ամենակարևորը վերջապես ջանք գործադրել ավելացնել նոր ուղղություններ «Շիրակ» օդանավակայանից՝ ամրապնդելու համար նրա դիրքերը և մրցակցային հնարավորությունները շուկայում։
Առանձնակի շնորհակալություն օդանավակայանի աշխատակից Հակոբին` օդանավակայանի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելու համար»:

1