Քաղավիացիան բանակցել է հունգարական Wizz Air-ի հետ ու հետո հիշել «թշնամության» մասին

ԵՐԵՒՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍ, 24News

 

Wizz Air Armenia

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել էր, թե ակտիվ բանակցություններ են ընթանում Wizz Air լոուքոսթերի հետ, որպեսզի վերջինս թռիչքներ իրականացնի նաև Հայաստանից։ Այս ավիաընկերությունն արդեն թռիքչներ է իրականացնում Վրաստանից, որի արդյունքում մեր շատ հայրենակիցներ օգտվում են հենց այդ երկրից էժան ճամփորդելու հնարավորությունից։ Առաջին իսկ հայացքից Wizz Air-ին Հայաստան բերելը շատ կարևոր ու «ազգանվեր» գործունեություն է, եթե չլինի մի կարևոր բայց։ Wizz Air-ը հունգարական լոուքոսթեր է, իսկ պաշտոնական Բուդապեշտի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերություններ է խզել ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին նավթադոլարներով կաշառքի  դիմաց Բաքվին հանձնելու համար։ Ստացվում է, որ այս ընկերությունը պատկանում է «թշնամական» պետությանը, որի հետ որևիցե պաշտոնական հարաբերություններ Երևանը չունի։ 

24News-ի տեղեկությունների համաձայն, Քաղաքացիական ավիացիայում անգամ չեն էլ հիշել, որ հունգարական ընկերության հետ պաշտոնական բանակցություններին խանգարող այս կարևոր առանձնահատկության մասին։ Տաթևիկ Ռևազյանին սրա մասին տեղյակ են պահել արդեն բավական ուշ, երբ բանակցություններն ընթացել են, որից հետո այդ գերատեսչությունում կանգնել են տարօրինակ երկընտրանքի առջև՝ շարունակել բանակցությունները մի ընկերության հետ, որի ծագումը հունգարական է, թե դադարեցնել այն, մանավանդ, որ ըստ մեր աղբյուրների, Հունգարիայում նույնպես առանձնապես ոգևորված չեն պաշտոնական Երևանի հետ նմանատիպ բանակցություններով, սակայն վերջիններիս նախաձեռնողն իրենք չեն։ Երկրորդ տարբերակով մնում է առանց ավելորդ աղմուկի դադարեցնել այս գործընթացն ու մոռացության տալ այն այնպես, կարծես թե հունգարների հետ որևիցե բանակցություն չի էլ եղել։ 24News-ի տեղեկությունների համաձայն, Ռևազյանն ու իր թիմը երկար մտորումներից հետո հանգել են հենց երկրորդ տարբերակին։