ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մասնակի ջրահեղձություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 27-ամյա Մուղսեն Ֆահրաջի Մուհամադինն է։
Գեղարքունիքի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։20-ի սահմաններում Սևանա լճի «Բոռա-Բոռա» լողափի ջրային հատվածում Մ. Մուհամադդին կորցրել է գիտակցությունը և բերանքսիվայր ընկել ջրի մեջ։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրան փրկել է այդ պահին նշված վայրում գտնվող Սևանի բնակիչ՝ 25-ամյա Բաբկեն Գևորգյանը, որը վտանգելով իր կյանքը՝ նետվել է լճի մեջ և իրանցուն դուրս բերել ջրից։ Այնուհետև Բ. Գևորգյանը նրան ցուցաբերել է առաջին բուժօգնությունը, որից հետո ժամանած Սևանի բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց։
Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։